ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԵՊՀ հրատարակչության նախաձեռնությամբ բազմաթիվ գրքեր են նվիրաբերվել հայաստանյան մի շարք բուհերի, դպրոցների, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների: Վերջին տարիներին հրատարակված գրքերից շատերն այս յուրօրինակ նախաձեռնության շնորհիվ այսօր արդեն նոր տերեր կունենան:

ԵՊՀ-ում արդեն ձևավորվել է գիրք նվիրելու ավանդույթը. այս ակցիայի միջոցով ԵՊՀ հրատարակչությունը փորձելու է այդ նախաձեռնությունը դարձնել մշտական: Առաջիկայում նախատեսվում է նախաձեռնությունն ընդլայնել, և շատ մարդիկ հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն մասնագիտական, այլև գեղարվեստական գրքեր:

Այդ օրը դեռևս 2008 թ-ից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հայաստանում ավանդաբար նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այն նշվում է նաև աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ. գրքեր են նվիրում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին` փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:

 
ԵՊՀ-Ն ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

 2014 թ-ի հոկտեմբերի 8-ից 12-ն ԵՊՀ հրատարակչությունը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է աշխարհի խոշորագույն՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին:

Հոկտեմբերի 8-ից 12-ն անցկացված տոնավաճառն այս տարի կազմակերպվում է 66-րդ անգամ: Գրքի շուկայում վերջին նվաճումներին ծանոթանալու և իրենց արտադրանքը ներկայացնելու էին եկել 100 երկրների ներկայացուցիչներ։ Տոնավաճառի այցելուների թիվը անցել է 300.000-ի շեմը: Աշխարհի տարբեր երկրներից Մայնի Ֆրանկֆուրտ էին ժամանել նաև շուրջ 1.000 հեղինակներ։

«Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ-2014»-ի ծրագրում ներառված էին 3.500 միջոցառումներ՝ շնորհանդեսներ, գրական ընթերցումներ, հանդիպումներ հեղինակների հետ, քննարկումներ, համերգներ և այլն։ Տոնավաճառի պատվո հյուրը Ֆինլանդիան էր։

Ցուցահանդեսը գրավիչ է նաև բիզնես գործընկերներ գտնելու առումով: Տարեկան ցուցահանդեսի 7000-ից ավելի մասնակիցներ ներկայացնում են իրենց արտադրանքն ու գտնում նոր գործընկերներ տարբեր երկրներում:

Հայաստանյան պատվիրակության կազմում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, «Զանգակ», «Անտարես» հրատարակչությունների ղեկավարները, «Գրքի և հրատարակչական գործի» կենտրոնի ներկայացուցիչները և ոլորտի այլ մասնագետներ:
Հայկական տաղավարում ներկայացվել են պետական աջակցությամբ և մասնավոր հրատարակչությունների՝ վերջին տարիներին տպագրած լավագույն նմուշները: Առանձին հատվածով ներկայացվել է նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:

ԵՊՀ հրատարակչությունը եվրոպացի ընթերցողիներին էր ներկայացրել գրքերի կատալոգ, որում ներառված են 1920 թ-ից մինչ օրս ԵՊՀ-ում հրատարակված լավագույն գրքերը:

ԵՊՀ ներկայացուցիչները տոնավաճառի ընթացքում հանդիպել են «Springer», «Oxford University Press» և «Cambridge University Press» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, իսկ Անկախ հրատարակիչների եվրոպական միության ու Եվրոպայի համալսարանական հրատարակչությունների ասոցիացիայի ղեկավարների հետ գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի վերաբերյալ:

 
ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ 2014

ԵՊՀ 95-ամյակի միջոցառումների շրջանակներում ԵՊՀ հրատարակչության նախաձեռնությամբ Մայր բուհում կազմակերպվել է գրքի տոնավաճառ:


ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ցուցադրվել են ԵՊՀ, «Անտարեսե, «Էդիթ Պրինտե, «Զանգակ-97ե, «Փրինթինֆոե, «Մանմարե հրատարակչությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հրատարակած գրքերը, իսկ գրադարանի մասնաշենքի ճեմասրահում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու ԵՊՀ-ի մասին հրատարակված աշխատություններին:

ԵՊՀ հրատարակչության տաղավարում ներկայացվել էր հրատարակչության ջանքերով և «Գալուստ Գյուլբենկյանե հիմնարկության օժանդակությամբ վերջին տարիներին լույս տեսած մի շարք գրքեր, այդ թվում՝ մենագրություններ, բառարաններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր: Այդ գրքերի շարքում են այնպիսի արժեքավոր աշխատություններ, ինչպիսիք են Նիկողայոս Ադոնցի, Հրաչյա Աճառյանի, Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչիկ Սիմոնյանի հատորյակները, ինչպես նաև հայ գրականության հանճարների գործերը:

Մայր բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացված գրքերի նվիրատվության արարողությունը մեկնարկել էր դեռևս մայիսին, մասնավորապես ՀՀ մարզային բուհերի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Արցախի պետական համալսարանի, ՀՀ ՊՆ ռազմական բուհերի և Երևանի քաղաքային գրադարանները համալրվեցին տասնյակ արժեքավոր գրքերով:

ԵՊՀ-ն հետազոտական համալսարան է, և դա արտացոլված է ռազմավարական ծրագրերում ևս, և գրահրատարակչությունն այս պարագայում ամենակարևոր բաղադրիչներից է: Հրատարակչության ոլորտում ԵՊՀ-ն առաջատարներից մեկն է, քանի որ դեռևս 1920 թ-ից հրատարակչական գործունեություն է իրականացնում:


Ստորև ներկայացնում ենք գրքերի տոնավաճառի մասնակիցների կարծիքներն ու բարեմաղթանքները:

««Զանգակ-97» հրատարակչությունը ԵՊՀ 95-ամյակին ներկայացել է վերջին երկու տարվա ընթացքում հրատարակած գրականությամբ, որոնց մի մասը վերջերս տեղի ունեցած «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունում տարբեր մրցանակների է արժանացել: Ուրախ ենք, որ մասնակցում ենք տոնավաճառին: Կարծում ենք, որ նմանաբնույթ միջոցառումների միջոցով այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու նոր հրատարակություններին: Մայր բուհին մաղթում ենք մշտատև գործունեություն, թող ուսանողները միշտ էլ փայլեն իրենց կայուն գիտելիքներով»:

Լեյլա Առաքելյան

«Զանգակ-97» հրատարակչության ծրագրերի ղեկավար

«Պետք է ասեմ, որ բոլոր տաղավարներում էլ շատ հետաքրքիր գրականություն է ներկայացված: Գրականություն, որը կհարստացնի յուրաքանչյուր ընթերցողի գրադարանը: Իսկապես շատ մեծ ու ողջունելի նախաձեռնություն է, նույնիսկ ավելին՝ միջոցառումների շարքում ամենանշանակալի ու հիմնարար իրադարձությունը: Մեր Մայր բուհին ուզում եմ մաղթել շարունակական հաջողություններ, որակյալ մասնագիտական կրթություն: Համալսարանն այն օջախն է, որը յուրաքանչյուրիս կյանքում մի ուրույն տեղ է գրավում: Ամեն անգամ համալսարան մտնելիս անկեղծ ակնածանք եմ ապրում»:

Էդիկ Մինասյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

«Շատ ուրախ ենք, որ նմանաբնույթ միջոցառում է կազմակերպվել, լավ հնարավորություն է ներկայանալ համալսարանականներին, մասնավորապես երիտասարդներին: Բավականին աշխույժ են, մոտենում են, հետաքրքրվում, ինչը, անկասկած, ուրախալի է: Օրվա ընթացքում գուցե ժամանակ չեն ունենում գրախանութ մտնել, իսկ այսօրվա միջացառումը կարող է լրացնել այդ բացը: Մի խոսքով՝ լավ ու դրական մթնոլորտ է: Թող համալսարանականները միշտ բարձր պահեն իրենց բուհի պատիվը: Եվ եթե նույնիսկ արտերկրում իրենց  ուսումը շարունակեն, անպայման վերադառնան և իրենց ներդրումն ունենան Մայր բուհի զարգացման գործում»:

Նարե Աթոյան

«Անտարես» հրատարակչության աշխատակից

 «Շատ հետաքրքիր նախաձեռնություն է, իսկապես հրաշալի միտք էր սա: Ինձ համար կրկնակի տոն է, քանի որ ինքս համալսարանական եմ: Պետք է նշեմ, որ հաճույքով ենք մասնակցում, միշտ պատրաստ ենք համատեղ միջոցառումներին մեր մասնակցությունն ունենալ: Ներկայացնում ենք գեղարվեստական գրականությունը, քանի որ բուհի համար, կարծում եմ, ավելի հետաքրքիր է: Նաև մանկական գրականություն ունենք հատուկ համալսարանական ծնողների համար: Մայր բուհին մաղթում եմ հետագայում էլ շարունակի իր առաքելությունն անթերի իրարականացնել, այն է՝ բացի գիտելիքներից՝ ուսանողին ներշնչել նաև հայրենասիրական զգացողություններ, որոնք ամենաճիշտ արժեքներն են իսկական քաղաքացի դառնալու համար»:

Շավարշ Կարապետյան

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի բաժնի տնօրեն

«Հիրավի, ողջունելի նախաձեռնություն է: Իհարկե ուսանողների և ընդհանրապես այցելուների հոսքը սպասվածից քիչ է, սակայն կարծում եմ՝ նմանաբնույթ միջոցառումներին մասնակցելը դրական կանդրադառնա թե՛ հրատարակչությունների, թե՛ համագործակցության հեռանկարների զարգացման գործընթացի վրա: Մայր բուհին կմաղթեմ նոր զարգացումներ, նոր ճանապարհներ դեպի ժամանակակից կրթական համակարգ: Ներկայիս վիճակն այնքան էլ գոհացնող չէ, սակայն վստահ եմ, որ այդ ներուժն ունենք և կարող ենք ավելին անել ու ավելի լավ արդյունքներ գրանցել»:

Միհրան Բարսեղյան

«Մանմար» հրատարակչության ներկայացուցիչ

«Շատ գեղեցիկ միջոցառում է: Այցելուները բավականին աշխույժ են, մոտենում են, գրականությունը վերցնում, ինչն ուղղակի ուրախալի է: Մենք ներկայացնում ենք  բավականին արդիական հարցերին վերաբերող գրականություն, ինչպիսիք են միգրացիան կամ թրաֆիկինգը: Հրաշալի է, որ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու այս միջոցառումներին: ՄԱԿ-ի և ԵՊՀ-ի համագործակցությունը բավականին բազմաշերտ է, և հետագայում էլ, վստահ եմ, որ մեր բարեկամությունը շարունակական կլինի: Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ում միշտ էլ բարձր է եղել կրթական մակարդակը, և համոզված եմ, որ այդ ցուցանիշը պահպանվելու է: Ես ինքս համալսարանական եմ և հպարտ եմ դրանով»:

Հասմիկ Սարգսյան

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության

վարչության իրազեկման հարցերով պատասխանատու, գրադարանավար 

 
ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲՈՒՀԵՐԻՆ

ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում 2014 թ.-ի մայիս ամսվա ընթացքում կազմակերպվել ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված մի շարք գրքերի նվիրատվություն ՀՀ մարզային բուհերի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Արցախի պետական համալսարանի, ՀՀ ՊՆ ռազմական բուհերի և Երևանի քաղաքային գրադարաններին:

Նախաձեռնության նպատակն է մարզային բուհերի և ռազմական ուղղվածության կրթական հաստատությունների սաների համար հասանելի դարձնել ցանկացած կրթօջախի, ինչպես նաև գրադարանների համար անփոխարինելի այս գրականությունը: Մինչ նվիրատվությունը ԵՊՀ հրատարակչությունը նշված բուհերում անցկացրել է նաև ցուցահանդեսներ, որոնք բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին թույլ տվեցին ծանոթանալ գրադարանները համալրող գրականությանը:

Առաջին ցուցահանդես-նվիրատվությունը կազմակերպվեց Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որտեղ համալսարանականները ներկայացրին և բուհի գրադարանին հանձնեցին շուրջ 300 կտոր գիրք:

Նվիրված գրականությունը հիմնականում ուսումնագիտական է: Դրանց մեծ մասը լույս է տեսել Գալուստ Գյուլպենկյանի հիմնադրամի աջակցությամբ: Նշված գրքերն անհրաժեշտ են մասնավորապես մարզային բուհերի գրադարանների համար:

ԵՊՀ պատվիրակությունը, որի կազմում էին պրոռեսկտոր Ռուբեն Մարկոսյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն, Ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը, նույն այցելել նաև Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան ու գրքեր նվիրել գրադարանին:

Ցուցահանդես-նվիրատվության արարողություններ են կազմակերպվել նաև Գավառի պետական, Գորիսի պետական համալսարաններում, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի մատենադարանում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտներում, ինչպես նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Վերջին տարիներին ԵՊՀ հրատարակչության ջանքերով և Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության օժանդակությամբ լույս են տեսել հարյուրավոր գրքեր, այդ թվում՝ մենագրություններ, բառարաններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր: Այդ գրքերի շարքում են այնպիսի արժեքավոր աշխատություններ, ինչպիսիք են Նիկողայոս Ադոնցի, Հրաչյա Աճառյանի, Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչիկ Սիմոնյանի հատորյակները, ինչպես նաև հայ գրականության հանճարների այլ գործեր:

Նվիրատվության համար նախատեսված ավելի քան հարյուր անուն գրքերի ցանկում կային նաև ռուսերեն, անգլերեն լեզվով աշխատություններ: