Նիստի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց 2011/2012 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: ԵՊՀ ռեկտորը տարին համարելով իսկապես արդյունավետ` նշեց, որ անցած ուստարում զգալի աշխատանքներ են տարվել ԵՊՀ-ում կրթության որակի ապահովման ներքին մեխանիզմների ներդրման եւ որակի շարունակական բարելավման ուղղությամբ:
ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ համալսարանի 2011/2012 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին: Ռեկտորի ներկայացրած հաշվետվության համաձայն` հաջողություններ են արձանագրվել նաեւ գիտահետազոտական ոլորտում: Ընդհանուր առմամբ ավելի քան 110 թեմաներով գիտահետազոտական աշխատանք է իրականացվել անցած ուստարվա ընթացքում:
Հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ-ում տպագրվել են 43 դասագիրք եւ 50-ից ավելի ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաեւ մոտ 80 ուսումնամեթոդական ձեռնարկ: Տպագրված գիտական հոդվածների թիվն անցնում է 1500-ը, ինչպես նաեւ տպագրվել է 80 մենագրություն եւ ավելի քան 400 զեկուցումների թեզիսներ: ԵՊՀ ռեկտորը հաշվետու ուստարվա կարեւորագույն ձեռքբերումներից համարեց համալսարանում սկսված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որն իրականացվում է միջազգային հավատարմագրող կազմակերպությունների եւ փորձագետների օժանդակությամբ:
ԵՊՀ-ն հաջողություններ է արձանագրել նաեւ միջազգային համագործակցության ոլորտում: Մայր բուհն ամրապնդել եւ շարունակում է իր միջազգային համագործակցությունն աշխարհի շուրջ 50 երկրների 200 համալսարանների, հաստատությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Հաշվետու ուստարում ստորագրվել է 11 նոր պայմանագիր: ԵՊՀ ռեկտորի վստահեցմամբ` ակտիվ գործունեություն են ծավալել ԵՊՀ ուսանողների շրջանում, հանրային կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումները:
Համալրվել է ԵՊՀ գրադարանային ֆոնդը` ըստ ուսումնական ծրագրերի եւ գիտական գործընթացի պահանջների: Անցած ուստարվա ընթացքում ԵՊՀ հրատարակչությունը հրատարակել է ավելի քան 130 անուն գիրք: Ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց ԵՊՀ 2010-2014 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի 2011/2012 ուստարում նախատեսված գործողությունների եւ ԵՊՀ-ում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագրի կատարողականները:
Բացի վերը նշված հարցերից` նիստի ընթացքում ներկայացվեց ԵՊՀ 2012թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը (11 ամիսների), որը կազմում էր 7.660.183.000 դրամ: ԵՊՀ ռեկտորի ներկայացրած հաշվետվության համաձայն` տնտեսական ոլորտում իրականացվել են հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքներ: Այս տարվա ընթացքում ավարտվել են 7-րդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Կենտրոնական եւ Կիեւյան փողոցի մասնաշենքերում, Քիմիայի եւ Կենսաբանության ֆակուլտետներում:
Արամ Սիմոնյանը ներկայացրեց նաեւ ԵՊՀ 2013 թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը, որը կազմում է 8.761.000.000 դրամ: Նա նշեց, որ 2013 թվականին ԵՊՀ ծախսերի եւ եկամուտների նախահաշվում նախատեսված է աշխատավարձերի 15-20%-ի չափով աճ: Ռեկտորի զեկույցներից հետո բավականին բուռն քննարկումներ ընթացան խորհրդի անդամների միջեւ: Քննարկումներին ակտիվորեն մասնակցում էին նաեւ ուսանողները, ովքեր մի շարք հարցեր բարձրացրեցին՝ ակնկալելով ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը:
Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք հարցեր, հնչեցին առաջարկներ, ինչից հետո օրակարգում ներառված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին առաջարկվող որոշումների նախագծերը (ռեկտորի հաշվետվությունը գնահատվեց բավարար, հաստատվեցին եկամուտների եւ ծախսերի կատարողականն ու 2013 թ. նախահաշիվը):
Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի 2011/2012 ուսումնական տարում Երեւանի պետական համալսարանի գործունեության վերաբերյալ զեկույցին , ինչպես նաեւ 2011/2012 ուստարվա հաշվետվությանը, 2012 թ. 11 ամիսների եկամուտների եւ ծախսերի կատարողականին ու 2013 թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշվին կարող եք ծանոթանալ www.doc.ysu.am կայքում: