ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Ռոստովի հայագիտական կենտրոնի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Սերգեյ Սայադովի «У истоков русского арменоведения: историографический обзор» գրքի շնորհանդեսը:

Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, երկար տարիներ զբաղվելով 18-19-րդ դարերի պատմության խնդիրների հետազոտմամբ, ռուս պատմաբան Սերգեյ Գլինկայի աշխատանքների ուսումնասիրությամբ, այսօր ներկայացրեց իր նոր մենագրությունը:

«Գրքի հրապարակումը նման է երեխայի ծնունդի, և ես ուզում եմ իմ ուրախությամբ կիսվել ձեզ հետ»,- ասաց հեղինակը:

Ինչպես գրքի շնորհանդեսի բացման խոսքում նշեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, այս գիրքը նշանակալից է ոչ միայն իր պատմագիտական արժեքով, այլև այն հանգամանքով, որ Ռուսաստանի հայագետների հետ համագործակցության երկարատև դադարից հետո, սա, թերևս, կարևոր քայլ էր այն վերսկսելու համար:

«Մեզ համար կրկնակի ուրախություն է, որովհետև այն հայագիտական կենտրոնը, որը ղեկավարում է պարոն Սայադովը, հիմնադրել է ԵՊՀ-ն Ռոստովի «Նոր Նախիջևան» համայնքի հետ: Այսօր մենք ներկայացնում ենք այդ կենտրոնի առաջին արդյունքները»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը:

Սերգեյ Սայադովը նշեց, թե ինչպես է իրեն զարմացրել ամբողջ կյանքում ռուսական պատմությունն ուսումնասիրած պատմաբան Գլինկայի գրած հիանալի պատմությունը հայ ազգի մասին, նաև ներկայացրեց, թե ինչպես է ինքը չորս տարի ուսումնասիրել այդ թեման և արխիվներում փնտրել Գլինկայի ու Լազարյանների կապը:

«У истоков русского арменоведения: историографический обзор» մենագրությունից բացի՝ այսօր ներկայացվեց նաև «Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа» գիրքը, որը կազմել է Սերգեյ Սայադովը, իսկ խմբագիրը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է: Սա առաջին հատորն է հայտնի եռահատորյակի, որը Լազարյանների պատվերով պատրաստել էր Գլինկան՝ այն դարձնելով Ռուսաստանի պատմության հայկական բաժնի փաստավավերագրական ամենախոշոր հավաքածուներից մեկը: Փաստաթղթերի հավաքածուն, լույս տեսնելով 1830-ական թվականներին, այլևս չէր հրատարակվել: Առայժմ հրատարակվել է եռահատորյակի միայն առաջին հատորը:

«Այս աշխատությամբ գիտական նոր շրջան է սկսվել ռուսական հայագիտության համար: Մինչ այս այն տարբեր բաժիններով էր ներկայացվում, իսկ սա համընդգրկուն մի աշխատություն է, որում կոնկրետ ներկայացված են նաև աղբյուրները: Երբ գիրքը ներկայացրի Արամ Սիմոնյանին, վերջինս, իմանալով, որ Հայաստանում այս գրքից ոչ մի օրինակ չկա, միանգամից հանձն առավ հրատարակման աշխատանքները»,- ասաց Սերգեյ Սայադովը:

Գրքի շնորհանդեսի ավարտին ներկաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Սերգեյ Սայադովին կատարած հիանալի աշխատանքի համար:

«Իմ մեծ հիացմունքն եմ հայտնում այս շատ արժեքավոր գրքերի լուսընծայման առթիվ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր սիրելի Սայադովին վիթխարի աշխատանքի ու հայագիտության մեջ իր ներդրման համար»,- նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Նշենք, որ գրքերը Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը: