Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ոչ միայն համալսարանականներ, այլև Հայաստանում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ:
«Վերջին շրջանում մենք փորձում ենք օտար լեզուներով ավելի շատ գրքեր հրատարակել: Այս գրքի լույսընծայումն ինքնին կարևոր է զուտ մասնագիտության տեսանկյունից, բայց այն կարող է նաև օրինակ դառնալ այլ ստորաբաժանումների համար, որպեսզի համալսարանի մտքի արգասիքը ներկայացվի օտար ընթերցողին, այլապես հայերեն գրում ենք, հայերեն կարդում ենք, և թվում է, որ գիտությունը սրանով տանում ենք առաջ»,- շնորհանդեսի ընթացքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ հրատարակչության աջակցությամբ տպագրված գրքում տեղ են գտել 35 հեղինակների աշխատանքներ, որոնք ներառում են Հայաստանի ներկա իրավական համակարգի անխտիր բոլոր ուղղությունները: Հոդվածների մի մասը թարգմանել են հենց հեղինակները, իսկ գրքի ամբողջական խմբագրման հարցում օժանդակել են Հայաստանի ամերիկյան համալսարանի գործընկերները:
«Մենք հայերեն և ռուսերեն գրականություն հրատարակելու հարցում մեծ փորձ ունենք, այժմ մեր խնդիրը անգլալեզու լսարանին ներկայանալն է: Մասնագիտական գրականության մեծ պահանջարկ կա արևմտյան գիտական կենտրոններում, բուհերում. մարդիկ, ովքեր փորձագետի կարգավիճակով չեն, չեն տիրապետում տեղեկությունների մեր իրավական համակարգի, իրավագիտության զարգացման, օրենսդրության մասին: Իսկ այս ժողովածուում, այդ ամենից բացի, տեղ են գտել նաև մի շարք խորը տեսական վերլուծություններ պարունակող հոդվածներ»,- ասում է Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Ֆակուլտետի դեկավարության հավաստմամբ՝ ժողովածուն նաև «հրավեր» է այն գործընկերներին, ովքեր կհետաքրքրվեն այս կամ այն թեմայով: Նրանք կարող են կապ հաստատել տվյալ հեղինակի հետ՝ հարցը մասնագիտական հարթակում քննարկելու համար: Ի դեպ, ժողովածուն էլեկտրոնային տարբերակով հասանելի է նաև ֆակուլտետի պաշտոնական կայքում:
Գիրքը, որում ամփոփված են Իրավագիտության ֆակուլտետի 3 սերնդի դասախոսների գիտական աշխատությունները, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և դեսպանատների միջոցով կտրամադրվի նաև եվրոպական ու ամերիկյան գիտական կենտրոնների և բուհերի գրադարաններին: