ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԱՌԱՔԵԼ ԳՐԻԳՈՐԻ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ(ԼԵՈ)
Պատմաբան, հրապարակախոս, պրոֆեսոր

Լեոն (Առաքել Գրիգորի Բաբախանյան) ծնվել է 1860թ. ապրիլի 14-ին Շուշիում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի թեմական և գավառական դպրոցներում: Հոր մահից հետո, հնարավորություն չունենալով շարունակել ուսումը, անցել է աշխատանքի: Լեոն իր գրական աշխատանքներն սկսել է 1870-ականների վերջերից: Տասնամյակներ շարունակ աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Մուրճ», «Հորիզոն», «Տարազ» և այլ թերթերի ու հանդեսների: Նա գրել է պատմվածքներ, վեպեր, վիպակներ, իր ուժերը փորձել թատրերգության ասպարեզում:

1924թ. Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նա Թիֆլիսից եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ-ում, որտեղ կարդացել է հայոց պատմության դասընթաց: Նրա դասախոսությունները տպագրվել են ձեռագրի իրավունքով և Հ.Մանանդյանի դասախոսությունների հետ միասին դարձել հայոց պատմության համալսարանական առաջին դասագրքերը:

ԵՊՀ-ում հայագիտական առարկաների դասավանդումը գիտական մակարդակի վրա դնելու գործում Հ.Մանանդյանի, Մ.Աբեղյանի, Հր.Աճառյանի և ուրիշների հետ միասին մեծ երախտիք ունի նաև Լեոն:

1925թ. Լեոյին շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նույն թվականին նա դարձել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի (1930թ-ից` ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամ:

Մեծ է Լեոյի վաստակը հայ հասարակական մտքի, հայ գրականության ու մշակույթի պատմության ուսումնասիրության բնագավառում: Նա առաջինն էր, որ հանգամանորեն ուսումնասիրեց հայ հասարակական մտքի ականավոր ներկայացուցիչներ Ստեփանոս Նազարյանցի և Գրիգոր Արծրունու կյանքն ու գործունեությունը, փորձեց ցույց տալ նրանց տեղն ու դերը հասարակականքաղաքական և մտավոր զարգացման ասպարեզում:

Առավել արժեքավոր են վաստակաշատ գիտնականի պատմագիտական աշխատությունները: Բազմամյա աշխատանքի արդյունք է նրա՝ փաստական հարուստ նյութով, պատմագիտական ընդհանրացումներով հագեցած, պարզ ու գրավիչ լեզվով գրված «Հայոց պատմությունը»: Ստվարածավալ այս աշխատության առաջին հատորը (Թիֆլիս, 1917) նվիրված է Հայաստանի հին շրջանի պատմությանը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև 5-րդ դար, երկրորդ հատորում (Եր., 1947) շարադրված է 511-րդ դարերի պատմությունը, երրորդ հատորում (Եր., 1946) լուսաբանվում է հայ ժողովրդի վիճակը 1618-րդ դարերում:

Լեոն առաջին պատմաբաններից էր, որ ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանների պատմության ուսումնասիրությանը՝ հայ ազատագրական շարժումների, հայկական հարցի, Առաջին համաշխարհային պատերազմի և հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ կապված հարցերին:

Նրա երկերի ժողովածուն 10 հատորով հրատարակվել է 1966-1987թթ.:

Լեոն վախճանվել է 1932թ. սեպտեմբերի 14-ին Երևանում:

Լեոյի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնականմանկավարժի դերը համալսարանական գիտության ու կրթության զարգացման գործում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը