Հայաստանը նույնպես առանձին տաղավարով մասնակցում է աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին, որտեղ ներկայացվում է մեր երկրի՝ վերջին մի քանի տարվա օտարալեզու և հայալեզու գրահրատարակչական արտադրանքը:
Ֆրանկֆուրտի տոնավաճառին Հայաստանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում են երեք հեղինակավոր հրատարակչություններ՝ «ԵՊՀ», «Անտարես» և «Զանգակ» հրատարակչությունները: Միջազգային տոնավաճառին որպես գրական ընկերություններ ներկա են Առաջին գրական գործակալությունը, Հայ գրականության հիմնադրամը և «ԱՐԻ» գրական գործակալությունը։ Ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավարում կանցկացվեն նաև գրքերի շնորհանդեսներ:
ԵՊՀ հրատարակչությունը կներկայացնի ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմված «Հայոց ցեղասպանության ատլաս» (անգլերեն ատլասի) ազդօրինակը, որում քարտեզների միջոցով և անգլերեն նկարագրություններով ներկայացված է Հայոց ցեղասպանության ամբողջ պատմությունը՝ Աբդուլ Համիդյան ջարդերից մինչև Սումգայիթյան դեպքեր, ինչպես նաև պատմաբան Արտակ Մովսիսյանի «Հայոց 5000-ամյա պետականությունը» գիրքը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:
Այս տարի գրքի միջազգային տոնավաճառի պատվավոր հյուրը Նիդերլանդներն է: Հատկանշական է, որ աշխարհի ամենահեղինակավոր իրադարձությանը մասնակցում են ավելի քան 100 երկրից 7100 ցուցադրողներ, այս հինգ օրերի ընթացքում անցկացվելու է շուրջ 4000 միջոցառում, իսկ ահա այն լուսաբանելու համար հավատարմագրվել է ավելի քան 10.000 լրագրող, որոնցից 2.000-ը բլոգերներ են: Ընդհանուր առմամբ՝ տոնավաճառը կունենա շուրջ 275.000 այցելուներ:
Տեղեկացնենք, որ 2016 թ.-ին ԵՊՀ հրատարակչությունը դարձել է եվրոպական համալսարանների հրատարակչությունների ասոցիացիայի լիիրավ անդամ, և այս տարի առաջին անգամ Գերմանիայում մասնակցել է ասոցիացիայի տարեկան համաժողովին, որի ընթացքում քննարկվել են հրատարակչության ոլորտին առնչվող որոշ հարցեր, ինչպես նաև համատեղ կատալոգ ստեղծելու և հրատարակելու խնդիրը:
Ըստ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի՝ ինչպես ասոցիացիայի անդամ երկրների հրատարակչությունների, այնպես էլ եվրոպական և ամերիկյան հրատարակիչների հետ մի շարք պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր կլինի թարգմանել և հրատարակել նաև վերջին տարիներին լույս տեսած դասագրքերը, ինչը, ըստ Կարեն Գրիգորյանի, կարևոր է համալսարանի ուսանողների համար: ԵՊՀ հրատարակչությունը լուրջ աշխատանքներ կիրականացնի այդ ուղղությամբ:
Այն հարցին, թե միջազգային տոնավաճառին Հայաստանը հիմնականում ինչ բնույթի գրքերով է ներկայացել, ԵՊՀ հրատարակչության տնօրենը պատասխանեց. «Հայոց ցեղասպանության, հայկական հարցին և հայոց պատմությանը նվիրված 35 անուն գիրք է ներկայացվել: Բայց սա դեռ քիչ է: Շատ են, օրինակ, թարգմանական գրքերը: Մենք պետք է հաջորդ տարի վերանայենք ցանկը՝ պարզելու համար, թե հատկապես որ գրքերը պետք է ներկայացվեն, որպեսզի արտասահմանյան երկրների այցելուները պատկերացում կազմեն մեր երկրի պատմության մասին: Առհասարակ, այս բնույթի գրքերը պետք է դառնան տոնավաճառի ներկայացման պարտադիր պայմաններից մեկը»:
Կարեն Գրիգորյանը գրքերի բովանդակության որակի և արտաքին ձևավորման հետ կապված որևէ խնդիր չի տեսնում՝ համեմատելով այլ երկրների հրատարակչությունների աշխատանքների հետ: Փոխարենը՝ նա լուրջ խնդիրներ է տեսնում ծավալների հետ կապված հարցերում (Հայաստանումգրքերըլույսենտեսնումհիմնականումմինչև 1000 օրինակտպաքանակով):