ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԱՐՏԱՇԵՍ ԼԻՊԱՐԻՏԻ ՇԱՀԻՆՅԱՆ
Մաթեմատիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1906թ. դեկտեմբերի 19-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1924թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1926թ.` Երևանի արդյունաբերական տեխնիկումը և ընդունվել ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետ: Չորրորդ կուրսից փոխադրվել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1930թ.:

1929-1934թթ. Ա.Շահինյանն աշխատել է ԵՊՀ-ում սկզբում որպես մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ, ապա՝ դոցենտի և ամբիոնի վարիչի պաշտոնակատար: 1929թ. համատեղությամբ աշխատել է նաև ԵրՊԻում: 1934-1937թթ. նա սովորել է Լենինգրադի պետական համալսարանին առընթեր մաթեմատիկայի և մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1939թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1938-1944թթ. եղել է ԵՊՀ բարձրագույն երկրաչափության ամբիոնի վարիչ, 1939-1942թթ.՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան: 1944թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և մինչև 1978թ. եղել մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ: 1945թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1945թ. Ա.Շահինյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1947թ.՝ ակադեմիկոս:

1945-1950թթ. նա ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչն էր, 1955-1959թթ.՝ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրենը, 1950-1963թթ. ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը:

Ա.Շահինյանը հեղինակ է գիտական բազմաթիվ աշխատությունների, այդ թվում` «Մոտավորությունների տեսություն կոմպլեքս տիրույթում» (Եր., 1960), «Անալիտիկ ֆունկցիաների տեսություն» (Եր., 1969), «Բարձրագույն մաթեմատիկայի ներածություն» (Եր., 1970) և այլ մենագրությունների: Նրա հետազոտությունները հիմնականում վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը:

Նա հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի հիմնադիրն է: 1965թ. հիմնադրել է նաև ԵՊՀին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, որը 1986-ից կրում է Ա.Շահինյանի անունը:

1961թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի VII և VIII գումարումների պատգամավոր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2), Ժողովուրդների բարեկամության շքանշաններով:

Ա.Շահինյանը վախճանվել է 1978թ. մայիսի 14-ին Երևանում:

Նրա բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնականմանկավարժի դերը համալսարանական գիտության ու կրթության զարգացման գործում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը