ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԱՇՈՏ ԳԱՐԵԳԻՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պատմաբան, կուսակցական գործիչ,
փիլիսոփայական և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս


Ծնվել է 1887թ. հունիսի 17-ին Շուշիում: Սովորել է տեղի ռեալական ուսումնարանում: 1906թ. դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Գերմանիա, ուսանել Ենայի, Հալլեի, Մյունխենի համալսարաններում:

1913թ. Ա.Հովհաննիսյանն ավարտել է Մյունխենի համալսարանը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: 1913-1914թթ. պաշտոնավարել է Շուշիի հայկական հոգևոր սեմինարիայում, իսկ 1914-1917թթ.՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Դասախոսական աշխատանքին զուգահեռ գիտական հետազոտություններ է կատարել Էջմիածնի մատենադարանում և դրանց արդյունքները հրատարակել «Արարատ» ամսագրում ու առանձին գրքույկներով:

Ա.Հովհաննիսյանը կոմունիստական կուսակցության անդամ էր 1906 թվականից: 1918թ., Բաքվի կոմունայի օրերին, ղեկավարել է Բաքվի խորհրդի կուլտուրլուսավորական բաժինը, իսկ հետո՝ լուսավորության կոմիսարիատի դպրոցական բաժինը: Կոմունայի անկումից հետո մեկնել է Մոսկվա, որտեղ աշխատել է Ազգությունների գործերի կոմիսարիատում որպես գրականության և պատմության բաժնի վարիչ և, միաժամանակ, 1918-1920թթ. ղեկավարել ՌՍՖՍՀ լուսժողկոմատի հայկական բաժինը: 1920թ. դեկտեմբերին նա նշանակվել է ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար: Այդ պաշտոնում նրա ստորագրած առաջին փաստաթղթերից մեկը «Երևանի համալսարանի վերակազմության մասին» դեկտեմբերի 17-ի հրամանն էր: 1922-1927թթ. եղել է Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության առաջին քարտուղար:

1921-1927թթ. Ա.Հովհաննիսյանը հայ ժողովրդի պատմություն և լենինիզմ է դասավանդել ԵՊՀ-ում: 1927-1937թթ. աշխատել է Լենինգրադի և Մոսկվայի գիտական հիմնարկներում:

Նա ևս զերծ չի մնացել ստալինյան դարաշրջանի բռնություններից: 1937թ. բռնադատվել է, 1949-ին աքսորից վերադառնալուց հետո հինգ տարի հարկադրված ապրել Կիրովականում (այժմ` Վանաձոր:

1954թ. Ա.Հովհաննիսյանն աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:

1955թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1960թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, 1961-ից ղեկավարել պատմության ինստիտուտի նոր պատմության բաժինը:

Ա.Հովհաննիսյանը թողել է գիտական հարուստ ժառանգություն. առանձնապես կարևոր են` «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» (գերմ., Մյունխեն, 1913), «Հայռուս օրիենտացիայի ծագման խնդիրը» (Էջմիածին, 1921), «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (Եր., 1957, 1959), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (Եր., 1955, 1956) երկհատոր մենագրությունները և «Հայռուսական հարաբերությունները 18-րդ դարի առաջին երեսնամյակում» վավերագրերի ժողովածուի ընդարձակ առաջաբանը (ռուս., Եր., 1967):

Նրա գիտական ղեկավարությամբ աճել են բազմաթիվ պատմաբաններ:

1967թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Վախճանվել է 1972թ. հունիսի 11-ին Երևանում:

Ա.Հովհաննիսյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր կուսակցական գործչի և գիտնականմանկավարժի դերը համալսարանի հիմնադրման ու կայացման գործում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը