ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԱՇԽԱՐՀԲԵԿ ԱՂԱԼՈՅԻ ՔԱԼԱՆԹԱՐ
Հնագետ, պրոֆեսոր

Ծնվել է 1884թ. փետրվարի 11-ին Լոռու Արդվի գյուղում: 1905թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1911-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ-վրացական բանասիրության և պատմության բաժինը: Ավարտելով համալսարանը վերադարձել է Հայաստան, նվիրվել հայրենիքի նյութական մշակույթի ուսումնասիրությանը:

Տակավին ուսանողական տարիներից նա Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի կազմում մասնակցել է Անիի պեղումներին: 1914թ. Ն .Մառն իր բացակայության միջոցին Անիի 13-րդ հնագիտական արշավախմբի ղեկավարությունը նրան է վստահել:

1915թ. Ա.Քալանթարը զորավար Անդրանիկի կամավորական գնդի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների, դարձել զորավարի քարտուղարը:

1917-ին նա շարունակել է պեղումները Անիում և 1918թ. հարկադրված հեռացել է փրկելով հնագիտական հավաքածուների այն մասը, որն այժմ պահպանվում է ՀՀ պատմության թանգարանում: Նույն 1917թ. Ա.Քալանթարը Նիկողայոս Ադոնցի հետ մասնակցել է Վանի երկրորդ հնագիտական արշավախմբի աշխատանքներին: Հավաքել և վերծանել է ուրարտերեն շուրջ 50 արձանագրություն: 1918թ. Վանից Թիֆլիս վերադառնալով որպես դասախոս աշխատել է Անդրկովկասյան համալսարանում: 1919թ. ամռանը նա եկել է Երևան, ՀՀ կրթության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի հանձնարարությամբ ձեռնամուխ եղել հուշարձանների պահպանության բաժնի ստեղծմանը դառնալով այդ հաստատության հիմնադիր ղեկավարը: 1920թ. ղեկավարել է գիտական վերջին արշավախումբը դեպի Անի և Տեկոր, կատարել չափագրություններ, լուսանկարներ, ընդօրինակել բազմաթիվ արձանագրություններ:

Ա.Քալանթարը հրավիրվել է համալսարան 1919 թ.` դառնալով Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից մեկը: 1922թ. համալսարանում հիմնել է Արևելքի պատմության և հնագիտության ամբիոն, ստեղծել հնագիտական աշխատանոց: Բազմահմուտ մանկավարժը կյանքի է կոչել ուսանողական առաջին հնագիտական խմբակը իր ուսանողներին մասնակից դարձնելով Հայաստանում գործող հնագիտական արշավախմբերի աշխատանքներին: 1923թ. նա հրատարակել է հնագիտության հայերեն առաջին դասագիրքը:

1929թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Ա.Քալանթարի գիտական և վարչական հետագա գործունեությունը կենտրոնացած էր հնությունների պահպանության կոմիտեում (նախագահ Ալ.Թամանյան), որի գիտնական քարտուղարն էր:

Հնագետի երկարամյա տքնաջան աշխատանքների արգասիքն է Արագածի և Գեղամա լեռների հինավուրց ջրաբաշխական համակարգի հայտնաբերումն ու ուսումնասիրությունր: Այդ համակարգին է նվիրված «Մի հնագույն ջրաբաշխական սիստեմ Հայաստանում» (Եր., 1933) մենագրությունը: Ա.Քալանթարն առաջին հնագետն է Հայաստանում, որ համակարգել և ուսումնասիրել է նախնադարյան արվեստի հուշար֊ձանները, մ.թ.ա. 7-3-րդ հազարամյակների ժայռապատկերները: 1930-ական թվականներին յուրատեսակ սխրանք էր հին Վաղարշապատի տարածքում հնագիտական պեղումների իրականացումը, որոնց արդյունքներն ամփոփված են «Հին Վաղարշապատի պեղումները» (Եր., 1935) գրքում: 2007թ. հրատարակվել է նրա «Հայաստանը քարե դարից միջնադար» երկերի ժողովածուն: Նրա աշխատանքների եռահատորյակը հրատարակվել է անգլերեն Փարիզում 1994,1999,2002 թթ., ստանալով գրախոսների բարձրագույն գնահատականը:

Ստալինյան բռնարարքներին հայ նշանավոր շատ մտավորականների հետ միասին զոհ դարձավ նաև. Ա.Քալանթարը: 1938թ. մարտին նա ձերբակալվել է այսպես կոչված «պրոֆեսորների գործով»՝ մեղադրվելով հայրենիքի դավաճանության մեջ: Մահապատժի դատավճիռը փոխարինվել է ութ տարվա ազատազրկմամբ: Աքսորվել է Սիբիր, որտեղ 1942թ. հունիսին կնքել է իր մահկանացուն: Արդարացվել է հետմահու:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը