ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՎԱՐՊԵՏԻ ՆԱՄԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ
Այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ «Ավետիք Իսահակյանի նամակները» գրքի շնորհանդեսը:

ԵՊՀ հրատարակչության կողմից լույսընծայված ժողովածուն ընդգրկում է բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի՝ 1895-1957 թվականներին հայ նշանավոր գրողներին, հասարակական ու պետական գործիչներին գրած նամակները, որոնցում արտացոլված են հայ ժողովրդի պատմության նշված ժամանակահատվածի քաղաքական, սոցիալական, գրական ու մշակութային կյանքի տարբեր խնդիրներ:

Գրքի խմբագիր Լիլիթ Ավագյանն այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ նշեց, որ իր տատիկը՝ նամականին կազմող գրականագետ Արփիկ Ավետիսյանը, կյանքի վերջին տարիները նվիրել է Ավետիք Իսահակյանի անտիպ նամակները հավաքելու գործին և դրանք պատրաստել տպագրության: Սակայն, գիրքը դեռևս չտպագրված՝ գրականագետը հեռացել է կյանքից, իսկ կազմած նամականին հանգամանքների բերումով անհետացել է:

«Այնուհետև տատիկիս աշխատանքը փորձեց ավարտուն տեսքի բերել մայրս՝ ազգագրագետ Իոննա Ավագյանը, սակայն չհասցրեց, և անավարտ գործը փորձեցի ավարտին հասցնել ես»,- շարունակեց Լիլիթ Ավագյանը:

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Վարպետի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը, ով իր խոսքի սկզբում ներկաներին խնդրեց հարգանքի տուրք մատուցել Արփիկ Ավետիսյանին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրա հիշատակը:

«Գրողին ճանաչելու համար պետք է կարդալ նրա նամակները, իսկ այդ նամակների որոնումները երկար ժամանակ են պահանջում, այն էլ՝ Իսահակյանի պարագայում. նա սևագրեր և կրկնօրինակներ չի ունեցել, իսկ նամակներից շատերն էլ հասցեատերերի մոտ կորել են: Ես շնորհակալ եմ Լիլիթին, որ նա ուժ գտավ և ավարտին հասցրեց իր տատի գործը: Այս նամակները բավականին արժեքավոր են, որովհետև հասցեատերերը բավականին նշանավոր անձինք են, իսկ այս գիրքն էլ դառնում է դրանցից շատերի սկզբնաղբյուրը»,- ասաց Ավիկ Իսահակյանը:

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ով նշեց, որ նամակների շնորհիվ հառնում է Իսահակյանի կերպարը. «Պետք է նշեմ, որ գրքում ծանոթագրություններն էլ շատ հանգամանալից են և համակողմանի տեղեկատվություն են փոխանցում: Բացի այդ՝ ուզում եմ հավելել, որ նամականին բավականին ճաշակով ձևավորում ունի, ինչի համար շնորհակալություն ԵՊՀ հրատարակչությանը՝ գեղեցիկ նամակները գեղեցիկ ձևավորումով գեղեցիկ հատորի մեջ մեզ հասցնելու համար»:

Պատմաբան Գևորգ Տեր-Վարդանյանն էլ ասաց, որ այս նամակների շնորհիվ մենք ծանոթանում ենք ոչ միայն Իսահակյան մեծ բանաստեղծի, այլև մեծ քաղաքացու հետ, ով պատրաստ է եղել շատ բան անելու իր հայրենիքի համար:

Միջոցառման ավարտին Լիլիթ Ավագյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ  հրատարակչությանը՝ ի դեմս տնօրեն Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամին՝ մեծապես նպաստելու գրքի լույս տեսմանը:

Տեղեկացնենք, որ միջոցառման ընթացքում ընթերցվեցին նաև հատվածներ Ավ. Իսահակյանի նամակներից: