Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում արդեն 8-րդ անգամ տեղի ունեցավ «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը, որի նախաձեռնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է: Այս տարի մրցույթն անցկացվում էր 9 անվանակարգերում:
Մրցույթի նպատակն է գրահրատարակչական արտադրանքի մշակույթի մակարդակի բարձրացումը, գրքարվեստի զարգացումը, գրահրատարակիչների միջև համագործակցության ու մրցակցության խթանումը, հրատարակչական լավագույն տեխնոլոգիաների քարոզչությունը և այլն:
Այս տարի ևս ԵՊՀ հրատարակչությունը մասնակցում էր մրցույթին`իր հրատարակած գրքերով: Առաջին անգամ ԵՊՀ ներկայացրած գրքերը մի քանի կարգի դիպլոմներ են ստացել 3 անվանակարգերում:
«Հայոց ցեղասպանություն - 100» անվանակարգում 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների է արժանացել Լեոյի «Հայոց հարցի վավերագրերը» և Ա. Կիրակոսյանի «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը» գրքերի հրատարակման համար:
«Ուսումնական գրականություն և կրթություն» անվանակարգում ևս ԵՊՀ-ին բաժին հասած մրցանակային տեղերը երկուսն են`2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների են արժանացել «Հայոց պատմություն» դասագիրքը և Է. Մինասյանի «Հայաստանի երրորդ հանրապետություն» մենագրությունը:
«Գիտություն և նորարարություն» անվանակարգում ԵՊՀ հրատարակչությունը պարգևատրվել է 2-րդ կարգի դիպլոմով` «Թուրքիայի հանրապետության պատմություն» ուսումնասիրության հրատարակության համար:
Մրցույթին ներկայացված գրքերը գնահատելիս հաշվի են առնվել ինչպես բովանդակությունը, այնպես էլ շապիկի ձևավորումը, տառատեսակի հարմարավետությունը (էջադրումը), կազմարարության որակը և այլն:
Նշենք, որ 2015 թ.-ի սեպտեմբերին էլ ԵՊՀ հրատարակչությունն մասնակցել էր ԱՊՀ երկրների մակարդակով անցկացվող “Искусство книги” միջազգային մրցույթին և «Ուսումնական գրականություն և կրթություն» անվանակարգում արժանացել 3-րդ կարգի դիպլոմի, որը ևս հանձնվեց այսօր:
«Շատ ուրախալի է, որ Երևանի պետական համալսարանի հրատարակչության աշխատանքը գնահատվել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներով: Այսպիսի մրցույթներին, գրքի միջազգային տոնավաճառներին ու ցուցահանդեսներին մասնակցելը մեծ խթան է նոր որակի աշխատանքներ կատարելու համար»,- նշում է ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը: