Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գիտխորհրդի դահլիճում ԵՊՀ հրատարակչության կողմից Հայոց մեծ եղեռնի տարելիցի առթիվ հրատարակված գրքերի շնորհանդես էր: Միջոցառումը նվիրված էր նաեւ Հայ տպագրության 500-ամյակին, ինչպես նաեւ 2012 թ-ին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:
Հրատարակված գրքերի շարքում են «Թուրքերը թուրքերի մասին» քառահատոր աշխատությունը, Յակոբ Քյունցլերի «Արյան եւ արցունքի երկրում» գիրքը, Հովհաննես Շիրազի «Անի» պոեմը, Զորավար Անդրանիկի «Առաքելոց Վանքի կռիվը» հուշերը, թյուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանի «Զիյա Գյոքլափը եւ «Թյուրքագիտության հիմունքները»» եւ Լուսինե Սահակյանի «Համշենի մանրատեղանունները» գրքերը:
Շնորհանդեսի մասնակիցներին նախ ողջունեց ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, ով կարեւորեց այսպիսի աշխատությունների նշանակությունն ու դերը ոչ միայն Հայոց դատի լուսաբանման, այլեւ ապագա սերնդի դաստիարակման գործում:
«Վերջին տարիներին Մայր բուհի հրատարակչությունը շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ մեկը մյուսի հետեւից հրատարակելով հայագիտության բնագավառի եւ մեր պատմության ամենաողբերգական էջերին ու դրանց հաջորդող պատմական շրջանին վերաբերող բավականին արժեքավոր գրականություն»,- ասաց Գեղամ Գեւորգյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը, ով հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը, մասնավորապես ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաեւ ԵՊՀ ղեկավարությանը՝ ազգանվեր ու յուրաքանչյուր հայի համար անչափ կարեւոր աշխատանքին աջակցելու համար:
Պերճ Ստեփանյանը, նախատեսված գրքերից բացի, ներկայացրեց նաեւ Հայոց եղեռնի տարելիցի առիթով տպագրված մի շարք այլ աշխատություններ: Իրենց աշխատությունների մասին խոսեցին նաեւ գրքի հեղինակները՝ հակիրճ ներկայացնելով գրքերում զետեղված տեղեկատվությունը, դրանց սկզբնաղբյուրները եւ կատարված վերլուծությունները: Միջոցառմանը ներկա էին նաեւ ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ եւ այլ հյուրեր: