ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանն ընթերցողների դատին է ներկայացրել իր «Օշական» մենագրության 2-րդ, լրամշակված հրատարակությունը:

Մենագրությունը լույս է ընծայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչությունը: Գիրքը նախատեսված է պատմաբանների, զբոսաշրջիկների, զբոսաշրջության ոլորտը համակարգողների, ուսանողների եւ ընթերցողների լայն շրջանակների համար:

Դեկտեմբերի 22-ին Երեւանի «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ այդ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին վարժարանի ավագ դասարանների աշակերտները եւ ուսուցիչները: «Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2007 թ-ին, երբ ես սովորում էին վարժարանի 10-րդ դասարանում, ուստի ճիշտ համարեցի շնորհանդեսն անցկացնել հենց վարժարանի աշակերտների եւ իմ ուսուցիչների հետ»,- շնորհանդեսի սկզբում անկեղծացավ Միքայել Մալխասյանը:

Աշխատանքը հրատարակվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ: Այդ պատճառով էլ Միքայելը, ով ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի մագիստրանտ է, չմոռացավ շնորհակալություն հայտնել նաեւ իր դասախոսներին, մասնավորապես աշխատանքի գրախոսներին: Հարկ է նշել, որ մենագրությունը գրախոսել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը, հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը եւ ԵՊՀ բակալավրիատի բաժնի վարիչ, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը:

Վերջինս, լինելով նաեւ առաջին հրատարակության գրախոսը, նույնպես մասնակցում էր շնորհանդեսին: «Երկրորդ հրատարակությունը զգալիորեն տարբերվում է առաջինից: Սա ոչ թե պարզապես տպաքանակի վերահրատարակություն է, այլ իսկապես պարունակում է բովանդակային լրջագույն լրամշակումներ: Հեղինակը, ակադեմիական կրթություն ստանալով ԵՊՀ պատմության ֆակուլտետում, նորովի է մոտեցել իր առջեւ դրված խնդիրներին՝ կատարելով թվական ճշգրտումներ եւ ավելացնելով աշխատանքին ամբողջացնող գլուխներ»,- իր խոսքում նշեց Գուրգեն Հովհաննիսյանը: Գրքի խմբագիր, պատմաբան Լենա Ասրյանն էլ կարեւորեց այն հանգամանքը, որ գրքի սկզբում հեղինակն առանձին կետերով նշում է աշխատանքի նպատակը, այն է` ներկայացնել Օշական գյուղի ընդհանուր աշխարհագրական բնութագիրը, ամբողջական պատմությունը, պատմաճարտարապետական հուշարձանները եւ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները. «Հետաքրքիր է հատկապես Օշականի ճակատամարտի թվականի մասին հեղինակի կարծիքը, ինչը հիմնավորվում է սկզբնաղբյուրների համադրությամբ»:

Կարծիքներով հանդես եկան նաեւ վարժարանի աշակերտները եւ ուսուցիչները, ովքեր աշխատանքը նախապես կարդալու հնարավորություն էին ունեցել: Հեղինակին իր շնորհավորական խոսքն ուղղեց նաեւ վարժարանի տնօրեն, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Ռոբերտ Վարդանյանը: «Այսպիսի հրատարակության օրինակը շատ օգտակար է աշակերտների համար, քանի որ նրանց մոտ եւս կարող է ցանկություն առաջանալ ձեռք բերելու գիտական աշխատանքներ կատարելու հմտություններ: Քաջառողջություն պետք է մաղթել գրքի գրախոսներին եւ շնորհակալություն հայտնել մագիստրանտին մենագրության ուղղությամբ աշխատելու համար», - ասաց վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը:

«Օշական» գրքի շնորհանդեսն ավարտվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանի օրհնանքի խոսքով: