ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԱՅՍՕՐ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՆ Է
Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Այդ օրը դեռևս 2008 թ-ից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հայաստանում ավանդաբար նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այն նշվում է նաև աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ. գրքեր են նվիրում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին` փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը: Այս օրերին շատ երիտասարդների կարելի է հանդիպել գրախանութներում: Փաստորեն, գիրք կարդալն արդեն իսկապես նորաձև է դառնում:

Յուրաքանչյուր տարի ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի գրողների միության աջակցությամբ Գիրք նվիրելու օրը պետական պատվերով ու աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխվում են մարզային, համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարաններին:

Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներից զերծ չի մնացել նաև Մայր բուհը: ԵՊՀ հրատարակչության նախաձեռնությամբ այսօր բազմաթիվ գրքեր են նվիրաբերվել մի շարք բուհերի, դպրոցների, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների: Վերջին տարիներին հրատարակված գրքերից շատերն այս յուրօրինակ նախաձեռնության շնորհիվ այսօր արդեն նոր տերեր կունենան:

«Գիրք նվիրելը բարի ավանդույթ է դարձել նաև Մայր բուհում: Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ այս նախաձեռնությունը երկար կյանք ունենա: Այս օրը մեզ համար շատ խորհրդանշական է. մենք, մեր գրքերը նվեր տալով, լիահույս ենք, որ առաջիկայում այդ մշակույթն ավելի կընդլայնվի, և շատ մարդիկ հնարավորություն կունենան ունենալու ոչ միայն մեր մասնագիտական, այլև գեղարվեստական գրքերից: Այս նախաձեռնությունը միտված է նրան, որ համալսարանը գրքեր նվիրի համալսարանականներին, ինչպես նաև միմյանց շնորհավորելն ու գիրք նվիրելը մշտական բնույթ ունենան»,- նշեց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Հավելենք նաև, որ ԵՊՀ հրատարակչությունը հիմնականում նվիրաբերել է ուսումնագիտական և ակադեմիական ուղղվածությամբ գրքեր: