Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» աշխատությունը հրատարակվել էր ամիսներ առաջ ԵՊՀ հրատարակչության կողմից:
Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանի մենագրությունը գրված է հայոց լեզվով և ունի ծավալուն ամփոփում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: Այն արդյունք է գիտական մի ուսումնասիրության, որը կատարվել է 2013 թ.-ին Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանում:
Հայոց ցեղասպանությանը նվիրված այս գրքի հեղինակը, ուսումնասիրելով իտալական գրականությունը, անդրադարձել է հարցի և' լեզվական, և' գրականագիտական կողմերին: Շեշտը դրվել է վերապրածների նկարագրությունների լեզվական ընտրությունների վրա:
«Այն Իտալիային անդրադարձող առաջին համապարփակ աշխատությունն է և որպես այդպիսին` նշանակալից դեր ունի այս երկրում հանգրվանած հայ վերապրյալների և օտարազգի վկաների փորձառության ու հիշողության մասին մեր ըմբռնումը խորացնելու գործում»,- գրքի նախաբանում գրել է Կանադայի թագավորական ռազմական համալսարանի քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր Ալան Ուայթհորնը:
Ուսումնասիրությունը ՀՀ Սփյուռքի նախարարության տրամադրած դրամաշնորհով կատարվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության համար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրի շրջանակում:
«Իտալիայի հայ համայնքի հուշագրությունները տառապալից վկայություններն են այն սարսափների, որոնց միջոցով անցել են վերապրյալներն ու նրանց ընտանիքները: Այս հուշագրությունները, ի թիվս այլոց, կարևոր են՝ վառ պահելու համար ողբերգական իրադարձության այն հիշողությունները, որոնք իրենց դրոշմը թողեցին ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության պատմության և դարի վրա՝ հայտնի որպես ցեղասպանությունների դարաշրջան»,- ասել է Սոնա Հարությունյանը:
Սոնա Հարությունյանը նաև արել է «Աստվածային կատակերգության» գրքի հայերեն տարբերակի թարգմանությունների լեզվական վերլուծություններ` հատուկ ուշադրություն դարձնելով բանավոր հաղորդակցությանը: