ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԳԻՐՔ՝ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Այսօր կայացավ ԵՊՀ գիտխորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 8 հարցերով, որի ընթացքում ընդունվեցին մի շարք որոշումներ:

Այս անգամ ԵՊՀ գիտխորհրդի հերթական նիստը սկսվեց նվերների հանձնմամբ: Նախ գիտխորհրդի բոլոր անդամներն իրենց սեղանին գտան Վարդ Բդոյանի «Ջավախքի հայոց ազգագրությունը և ժողովրդական բանարվեստը» գիրքը, որը Հովհ. Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ  նրանց նվիրել էր ԵՊՀ հրատարակչությունը: Այնուհետև Շմավոն Շմավոնյանի գեղանկարների «Արարատ» ալբոմը որպես նվեր ստացան ԵՊՀ 8 ուսանողներ, ովքեր վերջերս հաղթող էին ճանաչվել հանրապետական «Լավագույն ուսանող» մրցույթում: Նիստի ընթացքում հնչեցին նաև ԵՊՀ այն 26 գիտնականների անունները, ովքեր ընդգրկվել են 2014 թ-ի ամենաարդյունավետ գիտնականների 100-յակում:

Այնուհետև գիտխորհուրդն անցավ օրակարգային հարցերին, որոնցից առաջինը 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույցի հաստատումն էր:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ամբիոնի վարիչի, պրոֆեսորադասախոսական և գիտական համակազմի պաշտոնների ընտրությանը: Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեց ֆակուլտետներում անցկացված ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ 18 հոգի ընտրվեցին ամբիոնի վարիչ, 33-ը ստացան պրոֆեսորի գիտական կոչում, 9 հոգի էլ համալրեցին ԵՊՀ գիտական համակազմի շարքերը:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուների ընտրությունը ևս կայացավ: ՀՀ Կառավարության որոշմամբ` ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է բաղկացած լինի 32 հոգուց (8-ը պետք է լինեն պրոֆեսորադասախոսական կազմի, 8-ը` սովորողների, 8-ը` հիմնադրի, 8-ը` լիազոր մարմնի ներկայացուցիչներ): Այսօր բաց քվեարկությամբ ընտրվեցին այն 8 թեկնածուները, ովքեր ներկայացնում են պրոֆեսորադասախոսական կազմը: Նրանք են՝ 

  • Նազիկ Հարությունյանը (Մանկավարժության ամբիոնի վարիչ) 
  • Մարգարիտա Ապրեսյանը (Անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ)
  • Էդուարդ Հարությունյանը (Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ)
  • Գևորգ Հաջյանը (Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի դոցենտ) 
  • Ռուբեն Հարությունյանը (Բջջաբանության և գենետիկայի ամբիոնի վարիչ)
  • Արթուր Վաղարշյանը (Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ)
  • Արթուր Աթանեսյանը (Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ)
  • Սամվել Շուքուրյանը (Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար) 

Հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ՀՀ վարչապետը:

Նիստի ընթացքում հաստատվեց նաև ԵՊՀ-ում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի՝ 2015-2018  թթ. համալիր միջոցառումների ծրագիրը: Այն մշակվել և քննարկվել է ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից: 

«Գիտեք, որ մեր նախորդ հակակոռուպցիոն ծրագրի ժամկետը լրացավ 2014 թ-ին: Այս ծրագիրն ունի 3 հիմնական մաս՝ խնդիրները, միջոցառումները և արդյունքները: Բնականաբար յուրաքանչյուր կետ պետք է ունենա իր պատասխանատու անձանց շրջանակը և ժամկետները»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2011-2013 թթ. հարցման արդյունքները ներկայացրեց պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Նշենք, որ ուսանողական հարցումներն անցկացվում են 2008 թ-ից: Վերջին տարիների արդյունքները համադրելով` պարոն Գրիգորյանը նշեց, որ աստիճանաբար նվազում է այն շրջանավարտների թիվը, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել մագիստրատուրայում:

«Այնուամենայնիվ, շրջանավարտները ԵՊՀ-ից ստացած կրթությունը գնահատում են գերազանց,  իսկ այն հարցին, թե խորհուրդ կտային իրենց հարազատին սովորել ԵՊՀ-ում, և՛ բակալավրիատի, և՛ մագիստրատուրայի շրջանավարտների շուրջ 90%-ը տվել է դրական պատասխան»,- նշում է պարոն Գրիգորյանը:

Պրոռեկտոր Գրիգորյանը ներկայացրեց նաև ուսանողների գնահատականները կրթական ծրագրերի բովանդակության, ուսուցման մեթոդաբանության, ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձավ համակարգչային լսարանների, գրադարանից օգտվելու մատչելիության և այլ հարցերի:

Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն էլ գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց այս ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը: Այս տարի նրանք 56-ն են:

Ուսանողական գիտական ընկերության 2013-2014 ուստարվա գործունեությունը ներկայացրեց նախագահ Միքայել Մալխասյանը: Հաշվետու ժամանակահատվածում ՈՒԳԸ-ի ջանքերով տպագրվել են 3 հոդվածների ժողովածու, 1 թեզիսների ժողովածու, 113 գիտական հոդված, 2 ուսումնական ձեռնարկ, ինչպես նաև գործարկվել է կառույցի պաշտոնական կայքը: Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 484 միջոցառում՝ գիտաժողովներ, օլիմպիադաներ, դասընթացներ, դասախոսություններ, ճանաչողական էքսկուրսիաներ, կլոր սեղան-քննարկումներ, սեմինարներ և այլն:

Նիստի օրակարգային հարցերը եզրափակեց «Հայերենի գործածության կարգավորման խնդիրները» զեկույցը, որը ներկայացրեց գիտխորհրդին կից Հայերենի լեզվավիճակի ուսումնասիրման և զարգացման ուղիների մշակման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը: «Իմ և գործընկերներիս դիտարկումները ցույց են տվել, որ կրթական համակարգում և լեզվի կիրառման այլ ոլորտներում ունենք մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն»,- նշեց պարոն Ավետիսյանը՝ մատնանշելով այդ խնդիրները:

Հանձնաժողովը մինչև ուստարվա վերջ բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները կամբողջացնի մեկ փաստաթղթի մեջ, որպեսզի գիտխորհրդի միջնորդությամբ ներկայացնի  ՀՀ Կառավարությանը:

Ընթացիկ հարցերը 2-ն էին: Գիտխորհուրդն իր համաձայնությունը տվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում չինարեն լեզվի և մշակույթի կենտրոն ստեղծելու առաջարկությանը: Իսկ մեքսիկացի հայտնի հայ գիտնական Խոսե Սարուխանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: Սարուխանը եղել է մեքսիկական ամենախոշոր բուհի` Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ռեկտորը, մինչ օրս էլ մեծ աշխատանք է տանում աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման հարցերում, կենսաբանության ու բնապահպանության բնագավառում էլ հայտնի են նրա բազմաթիվ գիտական աշխատությունները: