ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ ԳԻՐՔՆ Է
Փետրվարի 19-ը Հայաստանում, այդ թվում` ԵՊՀ-ում, հայտարարված է Գրքի նվիրատվության օր:

Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, Կրթության եւ գիտության ու Մշակույթի նախարարությունների, Թումանյանի թանգարանի, Լեզվի պետական տեսչության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային գրադարանի, Երեւանի պետական համալսարանի, տարբեր հասարակական կազմակերպությունների, բուհերի եւ դպրոցների աջակցությամբ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը կմեկնարկի այս յուրատեսակ հասարակական շարժումը:

Գրքի նվիրատվության ակցիային մասնակցել է «Զանգակ-97» հրատարակչությունը, որ մոտ 2000 գիրք է առանձնացրել, նաեւ «Բուկինիստ» գրախանութը, որ շատ հետաքրքիր գրականություն է տրամադրել: Նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որ տրամադրել է անգլերեն լեզվով մանկական պատկերազարդ գրականություն, եւ Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնը` հատկացնելով ժամանակակից գրողների 500 անուն թարգմանական գրականություն:

Բացի այդ, նա Հայաստանի 5 բուհերի տրամադրել է բառարաններ, հանրագիտարաններ, բուհական ուսումնական ձեռնարկներ: Երեւանի պետական համալսարանը միանգամից մի քանի միջոցառում է կազմակերպել փետրվարի 19-ին. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում բացվելու է ընթերցասրահ, իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ Թումանյանի թանգարանի համատեղ նախաձեռնությամբ կանցկացվի գիտաժողով, որի ընթացքում` ժամը 12:15-13:00-ի սահմաններում, կկատարվի գրքերի նվիրատվություն` նշված ակցիայի շրջանակներում:

«Ի դեպ, գրքերի նվիրատվությունը կկատարվի բեմականացման տեսքով: ՀԳՄ-ն ԵՊՀ-ին կնվիրի 500 գիրք, որից 300-ը նախատեսված է ուսանողների համար, 100-ը` ԵՊՀ գրադարանի, իսկ 100-ը` նորաբաց ընթերցասրահի: Իր հերթին, համալսարանի հրատարակչությունը կկատարի 100 գրքի նվիրատվություն, ԵՊՀ գիտական գրադարանը` 125 գրքի»,- ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ գիրք նվիրելու գաղափարը ծագել է դեռեւս հոկտեմբերին, երբ գրողները մեկնել էին Դսեղ` նշելու Թումանյանական օրերը:

«Միջոցառման ընթացքում հիմնականում միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներն էին ելույթ ունենում, ասմունքում, մինչդեռ խմբված աշակերտները լուռ կանգնած էին: Երբ հարցրինք` իրենք ինչու չեն մի բան արտասանում, չե՞ն սիրում Թումանյան, երեխաները պատասխանեցին, որ գրքեր չունեն»,- ցավով նշեց ՀԳՄ նախագահը` հավելելով, որ գրքերը տպագրվում են, բայց հատկապես մարզերի ընթերցողին չեն հասնում: Հայաստանի դպրոցներ եւ մանկատներ կառաքվի մոտ 10 000 անուն գրականություն` բնագիր եւ թարգմանական: Եվս 2000 գիրք կդառնա հայոց բանակի գրադարանների սեփականությունը, իսկ իր անձնական արխիվից ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը 3000 գիրք կնվիրի հայրենի Կողբ գյուղի թիվ 1 դպրոցին, որի շրջանավարտն է ինքը: «Գրականությունը դպրոցի հիմքն է, իսկ դպրոցը` գրականության բովանդակությունը: Մենք ուզում ենք մեռյալ կետից մի քայլ անել եւ պետք է Մայրենի լեզվի 10-օրյակի շրջանակներում հասցնենք դրանք տարածել»,- ասաց պարոն Անանյանը: