ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԳՐՔԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միգրացիայի վերաբերյալ գրքերի շնորհանդես:

ԵՊՀ-ի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ հանրության դատին հանձնվեց անգլերեն լեզվով հրատարակված «Հայերն աշխարհում. միգրացիա և վերազգայնություն» ժողովածուն ու «Միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխառնչությունը Հայաստանում» գիրքը:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և նշեց, որ թեման բավականին արդիական է Հայաստանի համար:

«Որպես ակադեմիական հանրություն՝ մեզ համար շատ կարևոր է փորձառու մասնագետների ու երիտասարդների մասնակցությունը նմանաբնույթ  միջոցառումներին, օգտակար է նաև թեմատիկ քննարկումների անցկացումը»,- ասաց պրոռեկտորը:

«ՀՌԿԿ-Հայաստան»ի տնօրեն Հեղինե Մանասյանն էլ հավելեց, որ միգրացիան այսօր հասարակության բոլոր շերտերի համար դարձել է ամենաառաջնային խնդիրներից մեկը, որը զարգանալու և ընդլայնվելու միտում ունի:

Այնուհետև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ով  «Հայերն աշխարհում. միգրացիա և վերազգայնություն» գրքի խմբագիրն է, խոսեց ժողովածուում ներառված աշխատանքների մասին, ներկայացրեց հեղինակներին:

Նշենք, որ գիրքն անդրադառնում է հայերի միգրացիային աշխարհում՝ ներառյալ արտերկրի հայկական համայնքների հետ Հայաստանի համայնքների փոխհարաբերությունները: 

Իսկ «Միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխառնչությունը Հայաստանում» գիրքը ներկայացրեց ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության դոկտոր Հարություն Մարզպանյանը:

Գրքում ներկայացված են մարդկային կապիտալի տեսության քննադատական վերլուծության հիման վրա Հայաստանում միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխառնչությունները՝ կարևորելով միգրացիոն ռիսկերը:

Հավելենք, որ Հարություն Մարզպանյանի, պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Սեդրակ Աստվածատուրովի հեղինակած ու ԵՊՀ հրատարակչության ջանքերով լույս տեսած գրքում տեղ են գտել ոչ միայն դասախոսների, այլև ուսանողների հետազոտությունները: