ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԵՊՀ-Ի ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցել է Նյու Յորքի գրքի տոնավաճառին, որն անցկացվել է մայիսի 27-29-ը:

Հայաստանի Հանրապետությունն այս հեղինակավոր միջազգային տոնավաճառին մասնակցում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Հայկական տաղավարում ցուցադրված էր արտերկրում և Հայաստանում պետական պատվերով և մասնավոր հրատարակչությունների տպագրած շուրջ 250 անուն գիրք: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի գրականությունն այնտեղ ներկայացված էր հայերենով, անգլերենով, ֆրանսերենով:

Հայկական տաղավարում ԵՊՀ-ի հրատարակած գրքերի շարքում ներկայացվել են Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» (հայերեն և թուրքերեն տարբերակները), Անրի Բարբիի «Սարսափների երկրում նահատակ Հայաստանը», Ռոզ Լամբերթի «Հաճնը և հայկական կոտորածները» և Ռենե Պինոնի «Հայերի բնաջնջումը. գերմանական մեթոդ, թուրքական աշխատանք» գրքերը և այլն: 

«Շատ ենք կարևորում օտար լեզուներով գրականության ստեղծումը հատկապես հիմա, երբ Հայոց ցեղասպանության թեման շատ է քննարկվում համաշխարհային մակարդակով: Եվ շատ կարևոր է, որ մեր գրահրատարակչական ոլորտը ներկայանա օտարալեզու գրքերով, որոնցում Ցեղասպանությունը կներկայացվի բոլոր կողմերով»,- նշեց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:  

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից ժամանած գրողները ներկայացրել են իրենց գրքերն ու նախագծերը, նաև տեղի են ունեցել օտարերկրացի մի շարք հայ հեղինակների գրքերի շնորհանդեսներ:

Հավելենք, որ ԵՊՀ հրատարակչությունն իր տպագրած գրքերը 2014 թ.-ի հոկտեմբերին ներկայացրել է Ֆրանկֆուրտի, նոյեմբերին՝ Ստամբուլի, իսկ 2015 թ.-ի մարտին՝ Փարիզի գրքի միջազգային տոնավաճառներում: