ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ՝ ՓԱՐԻԶԻ ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈԻՄ
Այս տարի Փարիզի գրքի ավանդական տոնավաճառն անցկացվել է մարտի 20-23-ը:

Հայաստանի Հանրապետությունն այս հեղինակավոր միջազգային տոնավաճառին մասնակցում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Հայկական տաղավարում ցուցադրված էր Հայաստանում պետական պատվերով և մասնավոր հրատարակչությունների տպագրած շուրջ 200 անուն գիրք: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի գրականությունն այնտեղ ներկայացված էր հայերենով, անգլերենով, ֆրանսերենով: Առանձին բաժին էր հատկացված Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերին: ԵՊՀ հրատարակչությունը տոնավաճառում ներկայացրել էր հենց այս թեմային վերաբերող գրքերը:

Լեոյի «Հայկական հարցի վավերագրերը» (վերատպվել է 1915 թ.-ին լույս տեսած գիրքը), Ալեքսեյ Ջիվիլեգովի «Թուրքիան և հայկական հարցը» հոդվածների ժողովածուն, Արման Կիրակոսյանի «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը (19-րդ դար-1914 թ.)» մենագրությունը, Լևոն Հովսեփյանի «Թուրքիայի պաշպանական համակարգի արդիականացումն ու անվտանգության ոլորտի բարեփոխումները», Ջուլիա Եսայանի «Հայոց տեղանունները և դրանց թուրքական այլափոխումները», Սեդա Գասպարյանի «The Armenian Genocide a Linguocognitive Perspective». Այս և ԵՊՀ-ում հրատարակած այլ գրքեր էին հայկական տաղավարում ներկայացված:

«Շատ ենք կարևորում օտար լեզուներով գրականության ստեղծումը հատկապես հիմա, երբ Հայոց ցեղասպանության թեման շատ է քննարկվում համաշխարհային մակարդակով: Եվ շատ կարևոր է, որ մեր գրահրատարակչական ոլորտը ներկայանա օտարալեզու գրքերով, որոնցում Ցեղասպանությունը կներկայացվի բոլոր կողմերով»,- նշեց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Հայկական հրատարակությունների կողքին ցուցադրված էր նաև ֆրանսիահայ հրատարակիչների և գրողների` ֆրանսերենով տպագրված գրականությունը։

Փարիզի գրքի տոնավաճառի ավարտին հայկական տաղավարի ծրագիրն ամփոփվել էր «Մտավորականության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում» խորագրով կլոր սեղանով, որին մասնակցում էին հայ և ֆրանսիացի մտավորականները:

Հավելենք, որ ԵՊՀ հրատարակչությունն իր տպագրած գրքերը 2014 թ-ի հոկտեմբերին ներկայացրել է Ֆրանկֆուրտի, իսկ նոյեմբերին՝ Ստամբուլի գրքի միջազգային տոնավաճառներում: