2012 թվականին Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու եւ Երեւանի պետական համալսարանի հրատարակչության 90-ամյակի կապակցությամբ ԵՊՀ-ի եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչության կողմից վերջին ուսումնական մեկ տարում լույս ընծայած գրքերի շնորհանդես եւ գրքերի նվիրատվություն: 2009-2010 ուստարում Համալսարանի հրատարակչությունը գրանցել է ամենաբարձր ցուցանիշները: Հրատարակվել է 190 անուն գիրք` 3390 հրատ. մամուլ ծավալով: ԵՊՀ 90-ամյակի առթիվ լույս են տեսել 23 անուն գիրք: 2009 թվականին լույս են տեսել «Երեւանի պետական համալսարանը վավերագրերում» (կազմ. Վ. Մաղալյան), «ԵՊՀ-90. Գիրք ալբոմ», «ԵՊՀ-90. Տարեգրություն», «Քնար համալսարանի», որը լույս է տեսել 2008 թվականին եւ այլն:
Ընդ որում, ԵՊՀ-ում առաջին գիրքը լույս է տեսել 1920 թվականին: Միջոցառմանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ, գիրքը իր դարը չի ապրել, չնայած տեղեկատվության աղբյուրները բազմաթիվ են, այնուամենայնիվ դրանք չեն կարող փոխարինել գրքին, եւ, ըստ նրա, նման միջոցառումները առիթ են, որպեսզի գիրքը` որպես տեղեկատվության աղբյուր, վերադառնա հայ հասարակությանը, հատկապես հայ ուսանողությանը: «Ցանկանում եմ վստահ լինել, որ Երեւանի պետական համալսարանը` որպես Մայր բուհ եւ որպես բուհական համակարգում նորարարության թելադրող ու լավագույն ավանդույթների պահապան, կարողանա վերադարձնել իր ուսանողներին այն, որ գիրքը մշտապես լինի նրանց սեղանների վրա, թղթապանակների մեջ եւ դառնա առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս»,-նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Քանի որ 2012 թվականին Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք, այս տոնին ընդառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աջակցությամբ որոշեցինք այնպիսի միջոցառում կազմակերպել, որը երիտասարդներին, ուսանողներին հնարավորություն կտա գրքին շատ ավելի մոտ կանգնելու»,- ասաց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը:
«Գրքի տոնի առթիվ ԵՊՀ հրատարակչությունը ներկայացնում է իր մեկ տարվա հրատարակությունները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ԵՊՀ հրատարակչությունը վերջին տարիներին չափազանց ակտիվ է գործում, եւ գրքի շուկայում այն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի ոչ միայն դասագրքերի եւ ուղեցույցների, այլեւ ընդհանրապես գրականության հրատարակման առումով, այդ թվում նաեւ` գիտական գրականության»,-նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` շնորհավորելով ներկաներին գրքի տոնի կապակցությամբ: Վերջինիս վստահեցմամբ` ԵՊՀ հրատարակչությունը ակտիվ շարունակում է իր համագործակցությունը Գ. Կյուլպենկյանի անվան հիմնադրամի հետ: Եվ բոլորովին վերջերս Գ. Կյուլպենկյան հիմնադրամի հետ համատեղ ԵՊՀ հրատարակչությունը հրատարակել է Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանի հատորները: ԵՊՀ ռեկտորի խոսքերի համաձայն` Համալսարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում հատկապես դասագրքերի հրատարակմանը: Վերջին ուսումնական մեկ տարվա ընթացքում հրատարակվել են 50-ից ավելի բուհական դասագրքեր եւ ուսումնական ձեռնարկներ: Համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանն էլ խոստացավ, որ սա սկիզբն է հրատարակչության 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքի, եւ այդ շրջանակում կլինեն նորանոր գրքերի շնորհանդեսներ: