Ապրիլի 22-ին ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) քննարկումների սրահում տեղի ունեցավ Գերմանիայում Յոհաննես Լեփսիուսի տան տնօրեն Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցում էր հենց ինքը՝ գրքի հեղինակ Ռոլֆ Հոսֆելդը, ով շեշտեց, որ իր համար շատ ուրախալի փաստ է, որ ԵՊՀ հրատարակչությունը բավականին արագ է արձագանքել գրքի հայերեն տարբերակի հրատարակության առաջարկին: Հեղինակը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտին սերտ համագործակցելու համար:
ԵՊՀ ՀԻԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը ողջունեց հյուրին և նշեց, որ Մայր բուհը ՀԻԻ ցեղասպանագիտության բաժնի աջակցությամբ արդեն իսկ սկսել է գրքի հայերեն թարգմանությունը, որը ԵՊՀ հրատարակչության ջանքերով լույս կտեսնի տարեվերջին:
Ռոլֆ Հոսֆելդի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, ՀՀԻ-ի աշխատակից Աշոտ Հայրունին:
«Գրքի գերմաներեն տարբերակը լույս է տեսել այս տարվա փետրվարին և պետք է ասել, որ այն բավականին բուռն արձագանքի արժանացավ հանրության և ԶԼՄ-ների կողմից: Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ այս տարի գերմանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն արտակարգ և աննախադեպ հետաքրքրություն են դրսևորում Հայոց ցեղասպանության և ընդհանրապես հայկական խնդիրների հանդեպ»,- ասաց Ռոլֆ Հոսֆելդը և հույս հայտնեց, որ առաջիկայում Ֆրանկֆուրտում կայանալիք գրքի միջազգային տոնավաճառում հանրության լայն շրջանակին կներկայացվի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունըե գրքի արդեն հայերեն տարբերակը:
Հայագետն ընդգծեց նաև, որ Գերմանիան մոտ օրերս կքննարկի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, որի վերջնական տարբերակն արդքան էլ գոհացնող չէ, սակայն դա լուրջ քայլ է Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակից Գերմանիայի կողմից:
Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, գրքի թարգմանիչ Էվելինա Մակարյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, Պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀԻ-ի «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրերի ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
Գերմանական և ավստրիական պատմագրության մեջ մինչ այժմ ի հայտ չէր եկել այնպիսի աշխատություն, որում Հայոց ցեղասպանության ամբողջական ներկայացման հետ մեկտեղ հանգամանալից լուսաբանվեր նաև Գերմանիայի և Ավստրիայի համապատասխանատվության խնդիրը: Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունըե գիրքը լրացնում է այդ բացը: 10 տարի առաջ հրատարակված «Նեմեսիսի օպերացիան» գրքից հետո սա Հոսֆելդի երկրորդ ծավալուն աշխատությունն է Հայոց ցեղասպանության թեմայով:
Հեղինակը գրքում ներկայացրել և արժևորել է նաև Ցեղասպանությանը վերաբերող միջազգային կարևորագույն գիտական ուսումնասիրությունները: Աշխատությունը բաղկացած է մոտ 300 էջից, որոնցից գրեթե 50-ը հատկացված են սկզբնաղբյուրներին և մասնագիտական գրականությանը, Ցեղասպանությունը ներկայացվում է ժամանակագրական հաջորդականությամբ բնութագրվող տասը գլուխներով, որոնցից յուրաքանչյուրը խնդրո առարկա թեմայի քննության հետ մեկտեղ բովանդակում է դրան վերաբերող՝ ժամանակակիցների արժեքավոր վկայություններ և հարկ եղած դեպքում նաև վերջիններիս նպատակային մեկնաբանությունները:
Հանգամանալից պարզաբանվում է նաև Հայոց ցեղասպանության նախապատմությունը, ծրագրայնությունը, թուրքական կառավարող ռեժիմի կողմից դրա իրագործման հետևողականությունը: Պարզաբանվում են համիդյան և երիտթուրքական ռեժիմների հաջորդափոխման հանգամանքները: Հինգ գլուխներում լուսաբանվում է Մեծ եղեռնը «Թեշքիլաթը Մահսուս» կազմակերպության ստեղծումը, թուրքական բանակ զորակոչված հայ զինվորականության զինաթափումն ու զանգվածային սպանդը, հայ մտավորականության ձերբակալումն ու ոչնչացումը և ապա պետության ողջ հայ բնակչության տեղահանությունը և բնաջնջումը: Եզրափակիչ՝ 10-րդ գլխում լուսաբանվում է պատերազմի ավարտից հետո երիտթուրքական կառավարողների փախուստը:
Գիրքն ավարտվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատավարության ներկայացմամբ, որի ընթացքում ներկայացվում են դատավարության դիտորդ Ռոբերտ Քեմպների արտահայտած նկատառումները: Մանրամասն անդրադարձ կա նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարության ազդեցությունը մեծապես կրած Ռաֆայել Լեմկինին: