ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԵՊՀ-Ի ՆՎԵՐԸ ՄԱՐԶԱՅԻՆ ԲՈՒՀԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ պատվիրակությունը պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի գլխավորությամբ շրջայց է կատարել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ նախկին Ալեքսանդրապոլի առևտրային դպրոցի շենքում, որտեղ կայացել է Մայր բուհի բացման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ պատվիրակության կազմում էին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն, Ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանն ու այլ համալսարանականներ:

«Նմանաբնույթ միջոցառումները լավ առիթ են բուհերի միջև համագործակցությունն էլ ավելի սերտացնելու համար: Հետագա փոխգործակցության ամրապնդմանն ուղղված այս քայլը հատկանշական է նաև նրանով, որ այս տարի նշվում է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 80-ամյակը»,- նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Նշենք, որ ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում մայիս ամսվա ընթացքում կկազմակերպվի ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված մի շարք գրքերի նվիրատվություն ՀՀ մարզային բուհերի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Արցախի պետական համալսարանի, ՀՀ ՊՆ ռազմական բուհերի և Երևանի քաղաքային գրադարաններին:

Նախաձեռնության նպատակն է մարզային բուհերի և ռազմական ուղղվածության կրթական հաստատությունների սաների համար հասանելի դարձնել ցանկացած կրթօջախի, ինչպես նաև գրադարանների համար անփոխարինելի այս գրականությունը: Մինչ նվիրատվությունը ԵՊՀ հրատարակչությունը նշված բուհերում կանցկացնի նաև ցուցահանդեսներ, որոնք բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին թույլ կտան ծանոթանալ գրադարանները համալրող գրականությանը:

Առաջին ցուցահանդես-նվիրատվությունը կազմակերպվեց Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որտեղ համալսարանականները ներկայացրին և բուհի գրադարանին հանձնեցին շուրջ 300 կտոր գիրք:

«Հիմնականում ուսումնագիտական գրականություն ենք նվիրել, որոնց մեծ մասը լույս է տեսել Գալուստ Գյուլպենկյանի հիմնադրամի աջակցությամբ: Վստահ ենք, որ նշված գրքերն անհրաժեշտ են մասնավորապես մարզային բուհերի գրադարանների համար»,- ասաց Կարեն Գրիգորյանը և հավելեց, որ ԵՊՀ պատվիրակությունն այսօր կայցելի նաև Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան:

Ցուցահանդես-նվիրատվության արարողություններ կկազմակերպվեն նաև Գավառի պետական, Գորիսի պետական համալսարաններում, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի մատենադարանում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտներում, ինչպես նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Վերջին տարիներին ԵՊՀ հրատարակչության ջանքերով և Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության օժանդակությամբ լույս են տեսել հարյուրավոր գրքեր, այդ թվում՝ մենագրություններ, բառարաններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր: Այդ գրքերի շարքում են այնպիսի արժեքավոր աշխատություններ, ինչպիսիք են Նիկողայոս Ադոնցի, Հրաչյա Աճառյանի, Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչիկ Սիմոնյանի հատորյակները, ինչպես նաև հայ գրականության հանճարների այլ գործեր:

Հավելենք, որ նվիրատվության համար նախատեսված ավելի քան հարյուր անուն գրքերի ցանկում կան նաև ռուսերեն, անգլերեն լեզվով աշխատություններ:

Վերջին նվիրատվությունը տեղի կունենա մայիսի 30-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Ի դեպ, վերջին երկու տարիներին Մայր բուհը գրադարանի տնօրենության կողմից հաղթող է ճանաչվել «Ամենակարդացող բուհ» անվանակարգում: Կենտրոնական գրադարանի այցելուներից 4000-ը համալսարանականներ են: