ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԷԴՈւԱՐԴ ԲԱԳՐԱՏԻ ԱՂԱՅԱՆ
Լեզվաբան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1913թ. մարտի 16-ին Մեղրիում: 1928թ. ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը: 1930-1932թթ. աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում սկզբում որպես հաշվետար, ապա` հաշվապահ: 1933-ից ուսանել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետում` միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ:

1938թ. էդ.Աղայանն ավարտել է համալսարանը և 1939թ. ընդունվել ասպիրանտուրա: 1941թ. պաշտպանել է թեկնածուական, 1945թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1942թ. նրան շնորհվել է դոցենտի, 1946-ին պրոֆեսորի կոչում: 1953թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982թ. ակադեմիկոս: 1932-ից մինչև կյանքի վերջը աշխատել է ԵՊՀ-ում. 1956-1985թթ. եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1968-1991թթ. հայագիտական կենտրոնի ղեկավար , 1986-1991թթ.՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, 1953-1956թթ. ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1948-1950թթ.` բանասիրության ֆակուլտետի դեկան:
էդ.Աղայանը տասնամյակներ շարունակ աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտու մ: 1950-1953թթ. եղել է փոխտնօրեն, 1963-1991թթ.՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, 1947-1948թթ.՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության բուհերի վարչության պետ:

Էդ.Աղայանը թողել է գիտական հարուստ ժառանգություն, որը վերաբերում է ընդհանուր լեզվաբանության, հայ լեգվաբանության պատմության, հայոց լեզվի պատմության և համեմատական քերականության, բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության և այլ հարցերի: Առանձնապես նշանակալից են նրա «Լեզվաբանության ներածություն» (Եր., 1952, 1963, 1967) աշխատությոնը, որը ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության կողմից երաշխավորվել է որպես միութենական բուհական դասագիրք և հրատարակվել ռուսերեն 1959-ին, «Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ» (Եր., 1957), «Գրաբարի քերականություն», հ.1 (Եր., 1964), «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (Եր., 1967), «Ընդհանուր և համեմատական բառագիտություն» (Եր., 1984) աշխատությունները. վերջինը 1987թ. վերամշակված հրատարակվել է «Լեզվաբանության հիմունքներ» խորագրով:

էդ.Աղայանը մեծ ավանդ ունի նաև հայ բառարանագրության բնագավառում. «Արդի հայերենի բացատրական բառարան» (Եր., 1976) երկհատոր գիրքը հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազ. բառ և 11 հազ. դարձվածք) և բառահոդվածների ձևաիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում:

Նա համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ: Նրա գիտական վաստակի մաս է կազմում նաև իր ուսուցիչ Հր .Աճառյանի բազմահատոր աշխատությունների խմբագրման, անավարտ հատվածների լրացման և հրատարակության պատրաստման շնորհակալ աշխատանքը:

էդ.Աղայանը քանիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Երևան, Մոսկվա, ԱՄՆ, Հնդկաստան և այլն):
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ:

1979-ից մինչև կյանքի վերջը եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ: 1953թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի, 1980թ. և 1985թ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր :
1970թ. էդ.Աղայանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պւսրգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1983) շքանշանով, «Աշխատանքային արիության» (1945), Խ.Աբովյանի անվան մեդալներով և մի շարք պատվոգրերով:

Վախճանվել է 1991թ. դեկտեմբերի 29-ին Երևանում:

Էդ.Աղայանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը