ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԵՊՀ-Ն ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՑ 14-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ
Այս տարի Հայաստանը տոնավաճառին ներկայացել է երկու տաղավարով, որոնցից մեկը եղել է ԵՊՀ հրատարակչությանը:

Գրքերի համաշխարհային տոնավաճառի մասնակցության, այնտեղ ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների մասին զրուցեցինք ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ:

- Պարո՛ն Գրիգորյան, կպատմե՞ք Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին ԵՊՀ հրատարակչության մասնակցության և ունեցած ձեռքբերումների մասին:

- Մինչ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին ընդգրկվելը՝ ներկայացուցիչները պետք է մասնակցեին միջազգային երկու խոշոր ծրագրի: Առաջինը «Fellowship Programme»-ն էր, որի նպատակն էր աջակցել տարբեր երկրների հրատարակիչներին, օգնել գտնելու նոր կապեր, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում:

Իսկ երկրորդ ծրագիրը «Invitation Programme» ծրագիրն էր, որի շրջանակում տարբեր երկրների հրատարակչությունների ներկայացուցիչներ մրցույթի էին մասնակցում, ընտրվում էին նրանցից մի քանիսը, որոնք հետո պետք է մասնակցեին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին:

Արդյունքում ընտրվեցին 20 հրատարակչություն, որոնց թվում էր նաև ԵՊՀ հրատարակչությունը:

Համալսարանն առանձին  ներառվել է նաև տոնավաճառի գրացուցակում, որը մեզ համար շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ նախկինում  ԵՊՀ-ն միշտ ներկայացել է Հայաստանի ազգային տաղավարի  կազմում:

ԵՊՀ հրատարակչությունը նաև եվրոպական համալսարանների հրատարակչությունների ասոցիացիայի լիիրավ անդամ է:

- Ի՞նչ խնդիրներ են քննարկվել սեմինարների ժամանակ:

- Սեմինարների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հեղինակային խնդրի հարցը, ինչպես նաև գրքերի ձևավորման աշխատանքները, վաճառքը, առիթ ունեցանք զրուցելու և իրականացնելու փորձի փոխանակում ոլորտի առաջատար մասնագետների հետ: Ինձ համար հատկանշական էր ծանոթանալ տարբեր երկրների գրահրատարակչական քաղաքականությանը:

Հրատարակիչներն ինչպես ակադեմիական, այնպես էլ հրատարակչության այլ ուղղության ներկայացուցիչներ էին, ինչն էլ ավելի հետաքրքիր էր դարձնում սեմինարը: Մենք հնարավորություն ունեինք քննարկելու տարբեր հարցեր՝ սկսած գրքերի էջադրումից մինչև  լսարանի թիրախավորում:

- Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ թեմաներ էին հետաքրքրում օտարերկրացի հյուրերին, որոնք մոտենում էին ԵՊՀ հրատարակչության գրքերի տաղավարին:

- Պետք է նշեմ, որ այդ թեմաները շատ տարբեր էին: Կան թեմաներ, որոնց մասին ոչ միայն ԵՊՀ հրատարակչությունը, այլև Հայաստանի տաղավարը համապատասխան գրքեր և գրականություն  չուներ, օրինակ՝ հյուրերին շատ հետաքրքրում էին մեր տառերը, նրանք այբուբենի մասին գրքեր էին փնտրում, ինչպես նաև տեղյակ էին, որ հայերը մեծ հաջողություններ ունեն շախմատի ոլորտում, և ուզում էին ավելի լավ ծանոթանալ հայկական շախմատի պատմությանը: Մարդիկ շատ էին լսել նաև Ցեղասպանության, քրիստոնեության մասին, բայց նրանց հետաքրքրում էր, թե այդ ամենից զատ՝ ուրիշ էլ ի՞նչ իրադարձություններ են եղել Հայաստանում:

Հատկապես գերմանացիները շատ լավ էին տեղեկացված հայոց պատմության մասին, քանի որ օգտվել էին Վենետիկի Մխիթարյան միաբանության աղբյուրներից:

- Ի՞նչ նոր միտումներ կան գրքերի հրատարակման դասական գործընթացում:

Այդ միտումները շատ են, և ամեն օր դրանց թիվը համալրվում է: Մեր խնդիրն այդ միտումներն արդյունավետ տեղայնացնելն է:

Նմանատիպ միտումներից է, օրինակ, ակադեմիական տեքստն առավել հասանելի դարձնելը:

Եթե մենք գրում ենք մենագրություն, ապա ըստ ավանդական մոտեցման՝ այն պետք է լինի հաստափոր, բաղկացած լինի միայն տեքստից, վերաբերի գիտական մի նեղ շրջանակի:

Մինչդեռ համաշխարհային միտումն այն է, որ մենագրությունները, տեքստերից զատ, պարունակում են նաև տեսանյութեր, ձայնագրություններ, նկարներ, տեսապատկերներ:

Մի խոսքով՝ ժամանակակից գիրքը պետք է լինի ինտերակտիվ: Հատկապես այն գիրքը, որը հասնում է ուսանողին և դառնում է վերջինիս ուսումնական գործընթացի մի շատ կարևոր մաս:

- Իսկ ո՞րն է հրատարակչի դերն այդ հարցում:

- Գրավիչ դասագրքեր ստեղծելու գործում մեծ է դասագրքի հեղինակի դերը:

Խնդիրը թեմաների մատուցման նոր մոտեցումների ձևավորման մեջ է: Դասագրքերի ստեղծման ժամանակ հեղինակը պետք է կարողանա հստակեցնել հետևյալ հարցերը՝ ինչ տարիքային խմբի ներկայացուցիչների համար է գիրքը նախատեսվում, ինչպես է այդ տարիքային խումբը մտածում, և պարտադիր չէ, որ հեղինակի և իր սպառողի մոտեցումները համընկնեն:

Հեղինակը պետք է հասկանա սպառողի պահանջը, թե նա ինչպիսի գիրք է ուզում ունենալ, և այստեղ է, որ  դրսևորվում է հրատարակչի կարևոր գործառույթը՝ համապատասխանեցնել պահանջներն ու առաջարկները:

- Գաղտնիք չէ, որ այսօր ամբողջ աշխարհում միտում կա գրքերը նաև էլեկտրոնային տարբերակով ուսանողին հասանելի դարձնելու: Ո՞ր փուլում է գտնվում ԵՊՀ-ն այդ առումով:

- Այսօր ակնհայտ է, որ գրեթե բոլոր ուսանողներն օգտվում են սմարթֆոնից, և ամենաքիչը, որ մենք կարող ենք անել, գրքերը նաև սմարթֆոնի համար հասանելի դարձնելն է:

Ցավոք սրտի, մենք դեռ չենք կարող ասել, որ համալսարանական բոլոր գրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով:

Իրականում ես շատ եմ կարևորում էլեկտրոնային գրքերի դերը, քանի որ գիրքը ոչ միայն ուսանողին է հասանելի, այլև այդ տարբերակով շատ ավելի հեշտ կլինի գրագողության և արտագրության դեպքերը բացահայտելը: Դա կարող է շատ լավ գործիք դառնալ, այդ իսկ պատճառով պարզապես անհրաժեշտ է, հատկապես ԵՊՀ հրատարակչության համար, գրքերը, թեկուզ սուղ միջոցներով, էլեկտրոնային տարբերակով հասանելի դարձնելը:

 

Անի Պողոսյան