ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
ԵՊՀ-ի հրատարակած գրքերը ներկայացվեցին Եվրոպական գրահրատարակչական ամենաբարձր հարթակում:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումն այս տարի իրականացվում է հոկտեմբերի 11-15-ը: 

Ամեն տարի ավելի քան 7300 մասնակիցներ աշխարհի 100 երկրներից, ավելի քան 275 հազար այցելուներ, չորս հազար և ավելի միջոցառումներ, տասը հազարից ավելի լրագրողներ միասին կազմում են միջազգային հրատարակչական շուկայի ամենամեծ միջազգային տոնավաճառը: 

Այս տարի միջազգային տոնավաճառի բացման արարողությանը ներկա էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը: Տեղեկացնենք, որ տոնավաճառի պատվավոր հյուրն այս տարի Ֆրանսիան է։



Գրքի միջազգային տոնավաճառի նպատակն է աշխարհին ներկայացնել մասնակից երկրների գրահրատարակչական արտադրանքը: Ցուցահանդեսի ժամանակ հայաստանյան հրատարակիչները վաճառում են ժամանակակից հայ գրողների՝ օտար լեզուներով հրատարակության իրավունքները, ձեռք են բերում այլազգի գրողների գրքերը հայերենով լույսընծայելու թույլտվություններ:

Ֆրանկֆուրտի՝ գրական աշխարհում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է առաջիկայում կայանալիք Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա և Էրեբունի-Երևանի 2800-ամյա հոբելյաններին:

Ցուցահանդեսի հայկական տաղավարում իրենց հրատարակությունները, բացի ԵՊՀ հրատարակչությունից, ներկայացնում են նաև «Անտարես», «Զանգակ» հրատարակչությունները: 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը փաստեց, որ այս տարի հայաստանյան տաղավարը հաճելիորեն փոխվել էր. «Վերջապես մենք ունենք ավելի ճաշակով և պրոֆեսիոնալ տաղավար, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ մշակույթի նախարարությանը»:

Կարեն Գրիգորյանը նշեց նաև, որ հոկտեմբերի 12-ին ԵՊՀ հրատարակչությունը մասնակցել է նաև Համալսարանական հրատարակիչների եվրոպական ասոցիացիայի նիստին, որի ընթացքում հաստատվել է ասոցիացիայի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, խորհրդի նոր կազմը, և առաջիկա երեք տարիների համար ընտրվել է նոր նախագահ:



ԵՊՀ հրատարակչության տնօրենը փաստեց նաև, որ տոնավաճառի ընթացքում միջադեպ է գրանցվել. «Հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Հայաստանի տաղավար են մտել երկու ադրբեջանցի, վերցրել գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ ու Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տարել են իրենց հետ: Անմիջապես տաղավար են հրավիրվել ցուցահանդեսի անվտանգությունը և ոստիկանությունը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսը և այլ պատասխանատուներ: Ոստիկանությունն այս ամենն արձանագրել է և խոստացել միջոցներ ձեռնարկել»:

Հիշեցնենք, որ գրքի միջազգային տոնավաճառը շարունակվել է մինչև հոկտեմբերի 15-ը: