ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԳԵՎՈՐԳ ԲԵԳԼԱՐԻ ՋԱՀՈւԿՅԱՆ
Լեզվաբան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1920թ. ապրիլի 1-ին Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղում: 1937թ. ավարտելով Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ և ավարտել 1941-ին: 1941-1943թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

1945-1949թթ. Գ.Ջահուկյանը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ավագ դասախոս էր, 1948-1957թթ.` օտար լեզուների, 1957-1970թթ.` ռոմանագերմանական բանասիրության ամբիոնների վարիչ, 1970-ից` ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր:

1947թ. Գ.Ջահուկյանը պաշտպանել է թեկնածուական, 1955-ին՝ դոկտորական ատենախոսություն: 1958թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1949-1950թթ., 1959-1962թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1962-ից մինչև կյանքի վերջը` նույն ինստիտուտի տնօրեն: 1968թ. ընտրվել ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1974-ին՝ ակադեմիկոս:

Գ.Ջահուկյանն իր անգնահատելի նպաստն է բերել հայ նորագույն լեզվաբանության հիմնադրման գործին: Ականավոր լեզվաբանի թողած գիտական պատկառելի ժառանգության մեջ մեծ արժեք են «Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը» (Եր., 1959), «Ակնարկներ հայոց լեզվի նախագրային շրջանի պատմության» (ռուս., Եր., 1967), «Հայոց լեզվի համեմատական քերականություն» (ռուս., Եր., 1982), «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» (Եր., 1987) և այլ ծավալուն աշխատություններն ու բազմաթիվ հոդվածները:

Գ.Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածություն» (Եր., 1972), «Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը» (Եր., 1969), «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ» (Եր., 1974), «Ժամանակակից հայերենի իմաստաբանություն և բառակազմություն» (Եր., 1989) կոթողային աշխատությունները շրջադարձային կարևորություն ունեցան և ճանապարհ հարթեցին հետագա ուսումնասիրությունների համար: Գ.Ջահուկյանի «Լեզվաբանության պատմություն» (Եր., 1960-1962), «Ընդհանուր և հայկական լեզվաբանություն» (Եր., 1978) հիմնարար ուսումնասիրությունները հանգեցրին լեզվի համընդհանուր կաղապարի ստեղծման գաղափարին, որն էլ իրականություն դարձավ նրա «Լեզվի համընդհանուր տեսություն» (ռուս., Մոսկվա, 1999, անգլ., 2003) մենագրության մեջ:

Գ.Ջահուկյանի ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ:

Որպես Եվրոպայի և ԱՄՆի լեզվաբանական ընկերությունների անդամ` նա մեծ դեր է խաղացել հայ լեզվաբանական դպրոցի ձեռքբերումները միջազգային ասպարեզ դուրս բերելու գործում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը