Վերջին 20 տարիներին իր գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղած իսպանացին այս օրերին դարձյալ Հայաստանում էր: Այս անգամ, սակայն, ոչ թե մենակ, այլ կնոջ, եղբայրների և նրանց կանանց ուղեկցությամբ:
Գոնսալո Գուարչին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին որոշումը գիտխորհուրդը կայացրել էր դեռևս ամիսներ առաջ, իսկ այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ նա հյուրընկալվեց համալսարանում: Ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ փոքրիկ առանձնազրույցից հետո Գոնսալո Գուարչը եկավ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ համալսարանականներ:
Գուարչը հեղինակել է 28 գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, որոնցում արտահայտում է իր խորը վրդովմունքն ու ընդվզումը մարդկության դեմ թույլ տրվող ոճիրների` ցեղասպանությունների, պատերազմների և բռնապետությունների նկատմամբ: Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա գրքերից 3-ը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակը» և «Սպիտակ լեռը», թարգմանվել են նաև հայերեն, վերջին երկուսն էլ լույս է ընծայել ԵՊՀ հրատարակչությունը:
«Ես տարիներ շարունակ զբաղվում եմ այս հարցով, որովհետև հայերի պահանջը ամենաարդարներից է: Մինչև կյանքիս վերջ շարունակելու եմ բարձրաձայնել, որպեսզի ամբողջ աշխարհն ընդունի հայերի այս մեծ ողբերգությունը,- նշեց Գուարչը և հավելեց,- հիմա ես իմ մեջ երկվություն եմ կրում՝ և՛ հայ եմ, և՛ իսպանացի»:
ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումը հավաստող վկայականից բացի՝ Գոնսալո Գուարչը ստացավ նաև ԵՊՀ ոսկե մեդալ և պատվավոր դոկտորի համար նախատեսված արձաթաձույլ մատանի՝ ԵՊՀ խորհրդանիշով:
«Շատ քիչ մարդիկ կան, որոնք ուրիշի ցավն ավելի սուր են տանում, քան սեփականը: Այդպիսի բան կարող են անել միայն հատուկ խառնվածքով մարդիկ: Պարո՛ն Գուարչ, Դուք այն եզակիներից եք, ովքեր աշխարհի խիղճն են արթնացնում և ուշադրությունը հրավիրում մեր ազգային ցավի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վրա»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Հանդիպման ընթացքում «իսպանացի հայը» խոսեց նաև իր նոր գրքի, գործունեության մասին և պատասխանեց ներկաների հարցերին: