ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԳՈւՐԳԵՆ ՍԵՐՈԲԻ ՍԱՀԱԿՅԱՆ
Ֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1913թ. սեպտեմբերի 10-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում, որտեղ սկզբնական կրթություն ստանալուց հետո ընդունվել է Գյումրիի շինարարական տեխնիկում և այն ավարտել 1933թ.:

1933-1934թթ. աշխատել է Մեծ Պարնի գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ: 1934-1939թթ. սովորել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում:

1939-1946թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1946-1949թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Պ.Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 1950թ. Գ.Սահակյանը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1963թ. Մոսկվայում դոկտորական ատենախոսություն:

1964թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1965թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982-ին՝ ակադեմիկոս: 1950-ից նա անընդմեջ աշխատել է ԵՊՀ-ում: 1951թ. հիմնադրել է տեսական ֆիզիկայի ամբիոնը, որը ղեկավարել է մինչև 1985թ.:

Գ.Սահակյանը հեղինակ է շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, այդ թվում՝ «Равновесные конфигурации вырожденных газовых масс» (М., 1972), «Физика нейтронных звезд» (Дубна, 1995), «Основы релятивистской теории гравитации» (Ер., 1987) մենագրությունների, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Համահեղինակ է «Քվանտային մեխանիկա» (Եր., 1972, ռուս., 1982) դասագրքի:

Նա զբաղվել է տարրական մասնիկների ֆիզիկայի և տիեզերական ճառագայթների հետազոտությամբ: Ստացված արդյունքներն ամփոփվել են «Էներգետիկական սպեկտրներ և տիեզերական ճառագայթման մասնիկների միջուկային փոխազդեցություններ» (Եր., 1958) մենագրության մեջ:

Տեսական աստղաֆիզիկայի բնագավառում Գ.Սահակյանն ու Վ.Համբարձումյանը 1960-ական թվականների սկզբին ստեղծեցին նոր ուղղություն՝ գերխիտ աստղերի ֆիզիկա, կառուցեցին գերխիտ աստղային կոնֆիգուրացիաների մոդելներ, հայտնաբերեցին հարաբերականության ընդհանուր տեսության նոր զանգվածի անոմալ պակասորդի երևույթը: Այս արդյունքները կարևոր նշանակություն ունեն գերխիտ երկնային մարմինների կոսմոգոնիական ուսումնասիրություններում:
Գ.Սահակյանը «Նեյտրոնային աստղերի ֆիգիկա» գիտական ուղղության հիմնադիրն է: Նա զարգացրել է այն գաղափարը, որ նեյտրոնային աստղերն առաջացել են տիեզերքի ընդարձակման վաղ շրջանում մյուս բոլոր տեսակի երկնային մարմիններից շուտ, և որ գալակտիկաների կորիզները պետք է գերազանցապես բաղկացած լինեն նեյտրոնային աստղերից և սպիտակ թզուկներից, բացահայտել նեյտրոնային աստղերի կարևոր դերը գալակտիկաների միջուկների ակտիվության մեջ:

1991-1997թթ. նա մշակել է բաբախիչների ռադիոճառագայթման և բարստերների տեսությունները: Գ.Սահակյանը գրավիտացիայի տեսության գիտական դպրոցի հիմնադիրն է Հայաստանում:

Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 և դոկտորական 10 ատենախոսություն: 1967-1972թթ. Գ.Սահակյանը եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան:

Վճռորոշ էր նրա դերը բուհական առաջինգիտահետազոտական ինստիտուտի՝ «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական
միավորման ստեղծման գործում: Մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ-ում գործող տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ:

1970թ. Գ.Սահակյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է «Կարմիր աստղ» (1945), ժողովուրդների բարեկամության (1981), Հայրենական պատերազմի II աստիճանի (1985), Լենինի (1986) շքանշաններով և մի շարք պատվոգրերով:

Վախճանվել է 2000թ. մարտի 26-ին Երևանում:

Գ.Սահակյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է տաղանդաշատ սանի խաղացած բացառիկ դերը համալսարանում գիտության ու կրթության գարգացման գործում: