ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲԻ ՉԱԼԹԻԿՅԱՆ
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1902թ. նոյեմբերի 22-ին Կարսում: Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) ավարտել է միջնակարգ դպրոցը: 1922-1926թթ. Հ.Չալթիկյանը սովորել է ԵՊՀ գյուղատնտեսական և ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներում: 1930թ. նա գործուղվել է Մոսկվա՝ ստաժավորման: 1931թ. մեկնել է Գերմանիա և մեկ տարի Մյունխենում զբաղվել ուժեղ էլեկտրոլիտների լուծույթների ջերմադինամիկայի հարցերով: 1932-1933թթ. եղել է ԵրՊԻ քիմիայի ֆակուլտետի դեկան:

Գիտական առաջին լուրջ ձեռքբերումը բենզոիլ պերօքսիդերկրորդային ամին ռեակցիաների կինետիկական մեթոդով ուսումնասիրությունն է: Մոսկվայում զբաղվելով գիտական երկարատև բանավեճի նյութ դարձած մետաղվակուում սահմանագծի վրա վոլտապոտենցիալի գոյության հարցով` կարճ ժամանակում լուծել է այն, որի համար 1936թ. առանց ատենախոսության ներկայացման նրան շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1937թ. Հ.Չալթիկյանն աշխատանքի է անցել ԵՊՀ-ում և 1940-ից մինչև կյանքի վերջը ղեկավարել ֆիզիկական քիմիայի ամբիոնը: Նա գործուն մասնակցություն է ունեցել Երևանի Կիրովի անվան կաուչուկի գործարանում գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին: 1946թ. Հ.Չալթիկյանը Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1948թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1961թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:

Նրա գիտական ձեռքբերումներից առանձնապես նշանակալից է ազատ ռադիկալների նոր աղբյուրներ գտնելու, ինչպես նաև այլ մոնոմերների, մասնավորապես վինիլացետատի պոլիմերացման նպատակով ամինպերօքսիդի ռեակցիաների մեխանիզմի ուսումնասիրությունը, որի արդյունքների հիման վրա ԽՍՀՄ կառավարության 1959թ. որոշմամբ ԵՊՀ-ում ստեղծվեց պոլիմերացման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիա, որի գիտական ղեկավարը Հ.Չալթիկյանն էր մինչև կյանքի վերջը:

Հ.Չալթիկյանի ստեղծած գիտական դպրոցը լայն ճանաչում ստացավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, որի վկայություններից մեկը 1968թ. պերօքսիդների քիմիային նվիրված 4րդ հերթական համամիութենական գիտաժողովի կազմակերպումն էր Երևանում:

Հեղինակ է ավելի քան 200 գիտական հոդվածների, «Կուպրոկատալիզ» (ռուս.` Եր., 1963, անգլ., Նյու Յորք, 1966) մենագրության, «Ֆիզիկական քիմիա» (Եր., 1969, 1975) ուսումնական և պրակտիկումի ձեռնարկների:

Եղել է Մենդելեևի անվան համամիութենական քիմիական ընկերության Հայաստանի բաժանմունքի նախագահ, ԵՊՀ «Գիտական տեղեկագրի» գլխավոր խմբագիր:

1961թ. Հ.Չալթիկյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1962) և մեդալներով:

Վախճանվել է 1972թ. մարտի 8-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը