ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՀՐԱՉԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1930թ. օգոստոսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ուլզուբաբ գյուղում: 1954թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի տրամաբանության, հոգեբանության և հայոց լեզվի բաժինը:

1957-1973թթ. աշխատել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնում որպես ասիստենտ: 1958թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1960թ. եղել է նույն ամբիոնի դոցենտ: 1971թ. Հ.Շաքարյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1973թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1973-1977թթ. նա աշխատել է Մալիի Հանրապետության Բոմակո քաղաքի բարձրագույն դպրոցում որպես պրոֆեսոր:

1977-1979թթ. եղել է ԵՊՀ դիալեկտիկական մատերալիզմի և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր, 1979-1986թթ. ղեկավարել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության հասարակական գիտությունների դասավանդման վարչությունը: 1978-2003թթ. եղել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, իսկ 2003-2005թթ.` նույն ամբիոնի պրոֆեսոր:

Հ.Շաքարյանի հեղինակած բազմաթիվ գրքերից ու գիտական հոդվածներից կարևոր են հատկապես «Գարագաշյանի աշխարհայացքը» (Եր., 1962), «Ողջախոհության տեղը իմացաբանության պրոցեսում» (Եր., 1965), «Մետաֆիզիկայի իմացաբանական էությունը» (Եր., 1967), «Դետերմինացիայի հիմնահարցը և փիլիսոփայական գիտելիքի գործառությունը» (Եր., 1982, ռուս.), «Փիլիսոփայությունը ստեղծագործության գաղտնիքների որոնումներում» (Եր., 2002) մենագրությունները:

Հ.Շաքարյանի գիտամանկավարժական գործունեության յուրատեսակ հանրագումարն ու ամփոփումն է 2005թ. հրատարակված «Փիլիսոփայություն» ուսումնական ձեռնարկը:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 5 ատենախոսություն:

1970թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, 2004թ. արժանացել «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» կոչման:

Վախճանվել է 2005թ. հունիսի 17-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը