ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Հրաչիկ Ռուբենի Սիմոնյան
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 9-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում: Մահացել է 2016 թ. հունվարի 29-ին Երևանում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտել է 1952 թ.: Նույն թվականին աշխատանքի է անցել «Խորհրդային Հայաստան» թերթում որպես գրական աշխատող, այնուհետև` գործուղվել է Գորիս որպես շրջանային թերթի պատասխանատու քարտուղար: 1953 թվականին աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմում նախ` որպես հրահանգիչ, ապա` բաժնի վարիչ, իսկ 1957 - 1959 թթ.` գաղափարական գծով քարտուղար: 1959-1962թթ. Հ. Սիմոնյանը սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայում: 1962 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և այնտեղ հրատարակել իր առաջին գիտական մենագրությւնը:

1962 - 1966 թթ. եղել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1966 - 1977 թթ.` ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար, ապա բաժնի վարիչի առաջին տեղակալ, 1977 - 1990 թթ.` նշված ինստիտուտի տնօրեն, 1990 - 1991 թթ.` ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1991 - 1994 թթ.` սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ:

1969 թ. Հ. Սիմոնյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1971 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1964 թ-ից նա դասավանդել է ԵՊՀ-ում և Հանրապետության այլ բուհերում:

1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

1994 - 2007 թթ. նա ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական էր, միաժամանակ 1999 - 2003 թթ.` ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, 2004 թ-ից` նույն ամբիոնի պրոֆեսոր: Տարբեր տարիների եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:

Հ. Սիմոնյանը հեղինակ է ավելի քան 20 մենագրություն և շուրջ 400 գիտական հոդվածների: Առանձնապես կարևոր են «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» (Եր., 1968 թ.), «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը» (Եր., 1980), «Գիտատեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական հետևանքները» (Եր., 1982 թ.), «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (Եր.,1991), «Անդրանիկի ժամանակը» (հ. I, հ. II, Եր., 1996 թ.) մենագրությունները, «Ազատագրական պայքարի ուղիներում» բազմահատոր ուսումնասիրության առաջին հինգ գրքերը (Եր., 2003 թ., 2009 թ., 2010 թ., 2013 թ.): Կիլիկիայի հայերի 1909 թ. ջարդերի 100-ամյակի առթիվ հրատարակվել է նրա «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» (Եր., 2009 թ.) աշխատությունը, որը 2012 թ. հրատարակվել է նաև անգլերեն լեզվով «The destruction of Armenians in Cilicia, April 1909» (Gomidas Institute, London, 2012 թ.):

Հ. Սիմոնյանի մի քանի աշխատություններ լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Իրանում, Հունաստանում, Ճապոնիայում:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական բազմաթիվ ատենախոսություններ:

Զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Բաքվում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր:

Հ. Սիմոնյանը եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ներման հանձնաժողովի նախագահ, շրջանային և քաղաքային խորհուրդների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

1977 - 1990 թթ. նա ղեկավարել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը:

2008 - 2012 թթ. ղեկավարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը