ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲԻ ԱՃԱՌՅԱՆ
Հայագետ, լեզվաբան, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1876թ. մարտի 8-ին Կոստանդնուպոլսում: Ավարտել է տեղի Կեդրոնական վարժարանը, ապա 1895թ. մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում:

1898թ. եկել է Անդրկովկաս և նվիրվել մանկավարժական ու գիտական գործունեության: Որպես ուսուցիչ աշխատել է Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում: ԵՊՀ-ն հիմնադրվելիս նա հրավիրվել է որպես հայագիտական, լեգվաբանական ու արևելագիտական առարկաների դասախոս: 1943թ., երբ ստեղծվեց Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Հր.Աճառյանը հաստատվեց ակադեմիայի հիմնադիր անդամների թվում:

Նրա լեզվաբանական աշխատությունների մեջ ուսումնասիրված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները: Դրանք Մ.Աբեղյանի համաբնույթ աշխատությունների հետ միասին դարձան հայերենի ուսումնասիրության գիտական հիմքերը, որոնց վրա զարգանում է հայերենագիտությունը նաև այժմ: Դեռևս 1898թ. առանձին հոդվածներով քննության առնելով մի շարք բարբառներ (Ասլանբեգի, Ղարաբաղի, Վանի) նա ամբողջացնում է իր բարբառագիտական հետազոտությունները և 1909թ. ֆրանսերենով հրատարակում «Հայ բարբառների դասակարգումը» աշխատությունը: Հր.Աճառյանը 1925-1954թթ. հրատարակած Մարաղայի, Ագուլիսի, Նոր Ջուղայի, Նոր Նախիջևանի, Ղարաբաղի, Համշենի, Պոլսի, Առտիալի ու Վանի բարբառներին նվիրված մենագրություններում մեծ ուշադրություն է դարձրել հայերեն բարբառների հարուստ բառագանձին:
Հր.Աճառյանի հետազոտությունների կարևոր բնագավառներից մեկը եղել է հայերենի բառաքննությունը: Դրան նվիրված նրա մեծագույն գործն է վեց հատորից բաղկացած «Հայերեն արմատական բառարանը» (Եր., 1926-1932, յոթերորդ հատորն է հավելվածը, որ լույս է տեսել 1935թ.): «Արմատական բառարանը լիակատար ցանկն է շուրջ 11 հազար հայերեն արմատական բառերի` նրանց բացատրությամբ, քերականական տեղեկություններով ու ստուգաբանությամբ: Այն Անտուան Մեյեի հավաստմամբ իմաստաբանական-ստուգաբանական եզակի բառարան է, որտեղ հայերենի արմատները բնութագրված են հնդեվրոպական հիմք լեզվի, ցեղակից և հարևան լեզուների հետ ունեցած առնչությունների, բառակազմական հնարավորությունների և գավառաբարբառներում նրանց դրսևորումների համապատկերում:

Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության արդյունքները նա ամփոփել է «Հայոց լեզվի պատմություն» երկհատոր աշխատության մեջ (Ա մաս, 1940, Բ մաս, 1951):

Հայերենի պատմահամեմատական ուսումնասիրությանն է նվիրված նրա «Լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների» տասը հատորանոց մենագրությունը: Ամփոփելով վերջին շուրջ մեկ հարյուրամյակում հայերենի համեմատական ու պատմական քերականությանը նվիրված ուսումնասիրությունների, ինչպես նաև սեփական հետազոտությունների արդյունքները՝ Հր.Աճառյանն այս աշխատության մեջ քննարկվող բարդ խնդիրների իր լուծումներն է առաջարկել:

«Հայոց անձնանունների բառարանը», հայ գրերի պատմությանն ու տեսությանը նվիրված աշխատությունները, հայ հին մատենագրությանը, նոր գրականության պատմությանը նվիրված ուսումնասիրությունները` որպես Հր.Աճառյանի տքնաջան աշխատանքի արգասիքներ, իրենց հաստատուն տեղն ունեն հայոց լեզվի և խոսքի մշակույթի ուսումնասիրության բնագավառում:

Բազմահարուստ գիտելիքները և բազում լեզուների իմացությունը հնարավորություն էին տալիս նրան տարբեր ժամանակներում տարբեր դասընթացներ վարելու լեզվաբանության ներածություն, հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, գրաբար, բարբառագիտություն, հայ հին մատենագրություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն , սանսկրիտ և այլն:

Երբ համալսարանում բացվեց արևելյան լեզուների բաժինը, նա ստանձնեց նաև արևելյան լեզուների ամբիոնի ղեկավարությունը և պարսկերենի, պարսից լեզվի պատմության, արաբերենի դասավանդումը:

Վախճանվել է 1953թ. ապրիլի 16-ին Երևանում: ՀԽՍՀ կառավարության որոշմամբ ԳԱ լեզվի ինստիտուտը կոչվել է Հր.Աճառյանի անունով:

Հր. Աճառյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում:

ԵՊՀ-ում հրատարակված գրքերը