Դեռևս մեկ տարի առաջ, երբ լրանում էր գիտնականի 75-ամյակը, գործընկերները որոշել էին այդ կապակցությամբ գիտական հոդվածների ժողովածու հրատարակել: Նա, սակայն, չհասցրեց այդ ժողովածուն կենդանության օրոք տեսնել, և այն նվիրվեց իր հիշատակին: «Անտառ ծննդոց» ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որտեղ ներկա էին հնագետի սերնդակից ու կրտսեր գործընկերները, ուսանողները, ընտանիքի անդամները և ուրիշներ:
«Վերջին հուշարձանը, որ նա պեղում էր, Երվանդաշատի պալատական համալիրն էր: Այդ հուշարձանի վերաբերյալ 2008 թ.-ին հոդված էր հրատարակել, որը որոշակի ճշտումներ մտցնելուց հետո մենք վերահրատարակեցինք այդ ժողովածուում: Եվս երկու հոդված կա Երվանդաշատի պեղումների մասին: Ժողովածուի անունն էլ ստացվեց «Անտառ ծննդոց», քանի որ հուշարձանը գտնվում է Խորենացու նկարագրած «Անտառ ծննդոցում»»,- ասում է գրքի պատասխանատու խմբագիր, Արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Լիլիթ Միքայելյանը:
Նշենք, որ գիրքը տպագրվել է ԵՊՀ հրատարակչությունում: Ժողովածուի մեջ ընդգրկվել են գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են հնագիտության, արվեստաբանության, ազգագրության ամենատարբեր ճյուղերին, պարունակում են ուսումնասիրություններ տարբեր պեղավայրերից: Այն նախատեսված է մասնագետների, ուսանողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար: 49 հեղինակներն էլ ոչ միայն ԵՊՀ-ից են, այլև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից և արտասահմանյան համալսարաններից:
«Ժողովածուն իսկապես արժեքավոր է իր ամբողջության մեջ: Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը իսկապես մեծ մտավորական էր, լավագույն գիտնականներից մեկը և մեծատառով մարդ: Ուսանողությունը նրան չափազանց սիրում էր իր աշխատանքի ու նվիրումի համար: Նա կարող էր ուսանողների հետ ժամերով աշխատել առանց տրտնջալու, հրավիրել նրանց մասնակցելու պեղումների և այդպես շարունակ: Նրան միշտ հիշելու ենք իր բարեկիրթ կեցվածքով»,- ներկայացնելով ականավոր գիտնականի գործունեությունը՝ նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը ծնվել է 1939 թ.-ին Թբիլիսիի հայաշատ Սոլոլակ թաղամասում: 14-15 տարեկան հասակում նա ծանոթացել է հնագետ Իոսիֆ Գզելիշվիլիի հետ և ամառային արձակուրդների ընթացքում նրա հետ մասնակցել է պեղումների, ինչն էլ պատանու մեջ հետաքրքրություն է առաջացրել հնագիտության նկատմամբ: Ուսանողական տարիներին Հայաստանում մասնակցել է Պիոտրովսկու ղեկավարած Կարմիր բլուրի պեղումներին, իսկ ավարտելուց հետո տեղափոխվել է Հայաստան:
Երկար տարիներ զբաղվել է հայաստանյան տարբեր հնավայրերի պեղումներով՝ Էրեբունու արգելոց, Բենիամին, Երվանդաշատ, Երերույքի բազիլիկ և այլն: Որպես փորձագետ՝ հանդես է եկել Փարիզի, Նանտի, Լիոնի, Ռենի հուշարձանների պահպանության վարչություններում, դասախոսություններ կարդացել Սորբոնի և մի շարք այլ հեղինակավոր համալսարաններում: