ԵՊՀ պամության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Պետրոս Հովհաննիսյանի հիշատակը հարգելու և նրա գիտական վաստակը գնահատելու էին եկել նրա գործընկերները, հարազատներն ու ուսանողները:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ուրիշներ: Սիրված դասախոսին նվիրված հուշ-ցերեկույթին մասնակցելու էին եկել նաև Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ներկայացուցիչներ:
«1972 թ.-ին այս դահլիճում առաջին անգամ ծանոթացա Պետրոս Հովհաննիսյանի հետ, ով արդեն ասպիրանտ էր: Նա վառ անհատականություն էր, դասախոս, գործընկեր, ում սիրում ու հարգում էին անխտիր բոլորը: Պրոֆեսորը ոչ միայն կատարելապես տիրապետում էր այն առարկաներին, որոնք դասավանդում էր, այլև կարողանում էր դրանք հրաշալի մատուցել ուսանողին: Հենց նա մոռացության փոշուց հանեց մեծ հայագետի՝ Նիկողայոս Ադոնցի այս արժեքավոր աշխատությունները, որոնց 7-րդ հատորի շնորհանդեսին, ցավոք, չկարողացավ ներկա գտնվել»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Էդիկ Մինասյանն էլ ներկայացրեց պրոֆեսորի կյանքն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ ճանաչված պատմաբանի, սիրված դասախոսի ու ազնիվ քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում:
«Պրոֆեսորը ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասավանդել է «Հայ ժողովրդի պատմություն», «Հայկական գաղթավայրերի պատմություն», «Սփյուռքի պատմություն», «Աղբյուրագիտություն» առարկաները և մի շարք այլ հատուկ դասընթացներ: Մանկավարժական աշխատանքը զուգակցել է գիտական-ստեղծագործական բեղուն աշխատանքին,ինչպես նաև մեծ աշխատասիրությամբ խմբագրել և լույս ընծայել բազմաթիվ արժեքավոր գրքեր: Պետրոս Հովհաննիսյանը լուրջ ներդրում է ունեցել նաև մատենագրության ոլորտում»,- նշեց ֆակուլտետի դեկանը:
Այնուհետև Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը ներկայացրեց երջանկահիշատակ Պետրոս Հովհաննիսյանի ջանքերով խմբագրված Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը, որը հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը:
«Պրոֆեսորի հետ մոտ 26 տարվա հարազատության ու բերակամության ճամփա ենք անցել: Պատիվ եմ ունեցել նախ նրա ուսանողը, այնուհետև կրտսեր գործընկերը լինելու: Նա ոչ միայն փայլուն գիտնական ու հմուտ մանկավարժ էր, այլև բավականին արտիստիկ կերպար, ում հատուկ էր դասախոսություն վարելու միայն իրեն բնորոշ ոճը, ինչի շնորհիվ, ի դեպ, ուսանողները շատ ավելի լավ էին յուրացնում ներկայացվող նյութը»,-ասում է Արտակ Մովսիսյանը:
Ելույթներից հետո Պետրոս Հովհաննիսյանի գործընկերներն ու հարազատները միջոցառման մասնակիցներին պատմեցին պրոֆեսորին առնչվող մի շարք հետաքրքրաշարժ պատմություններ և հուշեր: