- Պարո՛ն Հոսֆելդ, կարո՞ղ եք մեզ պատմել «Լեփսիուսհաուս»-ի գործունեության, այնտեղ կազմակերպված միջոցառումների և տուն-թանգարանի զարգացման հեռանկարների մասին:
- «Լեփսիուսհաուսն» այն տունն է կամ, ավելի ճիշտ, փոքրիկ առանձնատունը, որտեղ Յոհաննես Լեփսիուսն ապրել է ընտանիքի հետ 1908 թվականից մինչև իր մահը՝ 1926 թվականը:
Այդ առանձնատունը գտնվում է Ցեցիլիենհոֆ դղյակի հարևանությամբ, որտեղ 1945 թվականին տեղի է ունեցել Պոտսդամի համաժողովը:
1915 թվականի ամռանը Յոհաննես Լեփսիուսը սկսեց իր հայտնի ճանապարհորդությունը դեպի Կոստանդնուպոլիս, որտեղ օգոստոսի 10-ին նա հանդիպեց Էնվեր փաշայի հետ, գրեց իր զեկույցը Թուրքիայում ապրող հայ ժողովրդի իրավիճակի մասին: Զեկույցը գաղտնի բաժանվեց գերմանական կայսրությունում 20.500 օրինակով:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տունը պատկանում էր Խորհրդային Միության ազգային անվտանգության ծառայությանը՝ որպես խորհրդային հետախուզական ծառայության ավելի մեծ տարածք:
2000-ականներին մեր անձնական նախաձեռնությամբ գումար հավաքեցինք տունը վերականգնելու համար, որպեսզի հնարավոր լինի այն բացել 2011-ի սկզբին՝ որպես ուսումնասիրությունների, հետազոտությունների և քննարկումների կենտրոն՝ կենտրոնանալով Հայոց ցեղասպանության պատմության վրա:
Մենք մեր արխիվում ունենք Լեփսիուսի բոլոր անձնական փաստաթղթերը, դասավանդում ենք Պոտսդամի համալսարանում, դասընթացներ ենք կազմակերպում ավագ դպրոցների ուսուցիչների համար, այս տանը կանոնավոր կազմակերպվում են հանրային բանակցություններ, սեմինարներ և միջազգային գիտաժողովներ:
Ուսումնասիրություններ են արվել և շարունակվում են իրականացվել Հայոց ցեղասպանության պատմության, Յոհաննես Լեփսիուսի կյանքի ու ուսումնասիրությունների և մարդասիրական գործունեության պատմության վերաբերյալ:
- Մենք գիտենք, որ «Լեփսիուսհաուս»-ը նաև գրքեր է հրատարակում: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել հրատարակված գործերի մասին:
- Ես ինքս հրատարակել եմ երկու գիրք Հայոց ցեղասպանության պատմության մասին, մեկը՝ 2005 թ. (2009 թ.՝ 2-րդ հրատարակություն), մյուսը՝ 2015-ին, որը թարգմանվել է թուրքերեն 2018 թ., իսկ 2020 թ. լույս է տեսնելու նաև հայերեն՝ հասանելի դառնալով հայ ընթերցողին:
2013 թ. տպագրել ենք Յոհաննես Լեփսիուսի մասին անթոլոգիա, 2015 թ.՝ «Ֆրանց Վերֆելի և Հայոց ցեղասպանության մասին», 2016 թ.՝ «Հայոց ցեղասպանության և գերմանական բողոքականության մասին», 2017 թ., հիմք ընդունելով 2015 թ. Բեռլինի գերմանական պատմական թանգարանում անցկացված միջազգային գիտաժողովը, «Գերմանական կայսրության և Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունը, նույն թվականին լույս է տեսել նաև «20-րդ դարը՝ որպես ցեղասպանությունների դար» աշխատությունը՝ հիմնված 2015 թ. Բեռլինում տեղի ունեցած «Ահաբեկչության տեղագիտություն» միջազգային գիտաժողովի վրա:
Ես նաև «Բռնությունը քաղաքականության մեջ և մարդու իրավունքները» խորագրով ուսումնական գրքերի շարքի համահեղինակ եմ «Duncker & Humblot» հրատարակիչների հետ Բեռլինում:
Ավելացնեմ, որ մենք թողարկել ենք գրքույկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով, որոնք ուսուցիչները պետք է օգտագործեն ավագ դպրոցներում:
- Պարո՛ն Հոսֆելդ, կպատմե՞ք մեզ ԵՊՀ-ի hետ համագործակցության մասին, համագործակցության ինչպիսի՞ միջազգային ցանց ունի «Լեփսիուսհաուսը»:
- Մենք պաշտոնական համագործակցության պայմանագիր ենք ստորագրել ԵՊՀ-ի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ, որտեղ վերջին տարիների ընթացքում մի շարք քննարկումներ ենք անցկացրել:
Մեր մյուս գործընկերներն են Պոտսդամի և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանները, Պոտսդամում գտնվող Մովսես Մենդելսոն նահանգի եվրոպա-հրեական ուսումնասիրությունների կենտրոնը, Լայպցիգի Արևելյան Եվրոպայի պատմության Լայբնիզ ու Մյունխենի տարածաշրջանային և փոքրամասնությունների հարցերի միջազգային ինստիտուտները:
Պետք է նշեմ նաև, որ մենք միջազգային ոչ պաշտոնական ցանց ենք մշակում ցեղասպանագետների հետ, որոնց մենք պարբերաբար հրավիրում ենք Պոտսդամ կամ Բեռլին:
- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
- Պատմության իմացությունը հիմնական խնդիրն է:
Մեզ հաջողվել է հրապարակումների, կազմակերպված միջոցառումների և հարցազրույցների միջոցով գերմանական լրատվամիջոցների և լսարանի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության հարցի վրա:
2015 թ. կազմակերպել ենք «Համաշխարհային ընթերցում»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, որը տեղի է ունեցել աշխարհի ավելի քան հարյուր վայրերում:
Դա հնարավոր է դարձել Բեռլինի միջազգային գրականության փառատոնի և վերջինիս ցանցի հետ համագործակցության շնորհիվ:
- Ձեր կարծիքով, արդյո՞ք Հայոց ցեղասպանության թեման ընդհանուր առմամբ լավ է ուսումնասիրված:
- «Արդյոք»-ը կասկածից վեր է:
Ցեղասպանությունը հայտնի փաստ է արդեն հարյուր տարուց ի վեր Յոհաննես Լեփսիուսի, ինչպես նաև այդ ողբերգությունը վերապրածների, միսիոներների, դիվանագետների և ականատեսների ջանքերի շնորհիվ:
Բայց «ինչո՞ւ»-ն և «ինչպե՞ս»-ը դեռ շարունակվում են քննարկվել և կարիք ունեն ավելի մանրամասն ու սերտ հետազոտությունների:
Մենք այն կարող ենք համեմատել Հոլոքոստի ուսումնասիրությունների հետ, որոնք նույնիսկ ավելի քան 60 տարի իրականացված միջազգային հետազոտություններից հետո դեռևս ավարտված չեն և շարունակվում են:
- Որո՞նք են ապագայի անելիքները Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործընթացում:
- Ուսումնասիրությունները պետք է ավելի շատ կենտրոնացնել համեմատական հարցերի վրա:
Ի՞նչն է ստիպում քաղաքական գաղափարախոսությանը, հասարակությանը, պետությանը, քաղաքական շարժմանը դառնալ ցեղասպանության պատճառ:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը՝ արդյո՞ք արմատական երիտթուրքերը նման էին 20-րդ դարի բացասական «ավանգարդին»:
Համեմատական հարցերի վրա կենտրոնանալը մեզ ավելի ուժեղ է դարձնում մեր անկայուն աշխարհի մարտահրավերների առջև՝ այսօր և ապագայում:
Անի Պողոսյան