ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Այսօր հոբելյանական միջոցառումների շրջանակներում ԵՊՀ հրատարակչության նախաձեռնությամբ Մայր բուհում կազմակերպվել էր գրքի տոնավաճառ:

Այսօր հոբելյանական միջոցառումների շրջանակներում ԵՊՀ հրատարակչության նախաձեռնությամբ Մայր բուհում կազմակերպվել էր գրքի տոնավաճառ:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ցուցադրված էին ԵՊՀ, «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Զանգակ-97», «Փրինթինֆո», «Մանմար» հրատարակչությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հրատարակած  գրքերը, իսկ գրադարանի մասնաշենքի ճեմասրահում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ԵՊՀ-ի մասին հրատարակված  աշխատություններին:

ԵՊՀ հրատարակչության տաղավարում ներկայացված էր հրատարակչության ջանքերով և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության օժանդակությամբ վերջին տարիներին լույս տեսած մի շարք գրքեր, այդ թվում՝ մենագրություններ, բառարաններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր: Այդ գրքերի շարքում են այնպիսի արժեքավոր աշխատություններ, ինչպիսիք են Նիկողայոս Ադոնցի, Հրաչյա Աճառյանի, Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչիկ Սիմոնյանի հատորյակները, ինչպես նաև հայ գրականության հանճարների գործերը:

Հիշեցնենք, որ Մայր բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացված գրքերի նվիրատվության արարողությունը մեկնարկել էր դեռևս մայիսին, մասնավորապես ՀՀ մարզային բուհերի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Արցախի պետական համալսարանի, ՀՀ ՊՆ ռազմական բուհերի և Երևանի քաղաքային գրադարանները համալրվեցին տասնյակ արժեքավոր գրքերով:

«ԵՊՀ-ն հետազոտական համալսարան է, և դա արտացոլված է մեր ռազմավարական ծրագրերում ևս: Եվ քանի որ գրահրատարակչությունն այս պարագայում ամենակարևոր բաղադրիչներից է, ուստի այսօրվա միջոցառումը շատ հատկանշական է: Հրատարակչության ոլորտում մենք առաջատար ենք, քանի որ դեռևս 1920 թ-ից հրատարակչական գործունեություն ենք իրականացնում»,- ասաց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը և հավելեց, որ այսօր Մայր բուհը համախմբել է հիմնականում ուսումնագիտական գրականություն ներկայացնող առաջատար հրատարակչություններին:

Կարեն Գրիգորյանը նշեց նաև, որ նախաձեռնությունը հաջողված է, այցելուները բավականին ակտիվ են ու հետաքրքրված, քանի որ  ի պատիվ միջոցառման մասնակից հրատարակչությունների՝ հանրությանը բավականին որակյալ, հետաքրքիր ու բացառիկ գրքեր են ներկայացվել:

Ստորև ներկայացնում ենք գրքերի տոնավաճառի մասնակիցների կարծիքներն ու բարեմաղթանքները:

««Զանգակ-97» հրատարակչությունը ԵՊՀ 95-ամյակին ներկայացել է վերջին երկու տարվա ընթացքում հրատարակած գրականությամբ, որոնց մի մասը վերջերս տեղի ունեցած «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունում տարբեր մրցանակների է արժանացել: Ուրախ ենք, որ մասնակցում ենք տոնավաճառին: Կարծում ենք, որ նմանաբնույթ միջոցառումների միջոցով այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու նոր հրատարակություններին: Մայր բուհին մաղթում ենք մշտատև գործունեություն, թող ուսանողները միշտ էլ փայլեն իրենց կայուն գիտելիքներով»:

Լեյլա Առաքելյան

«Զանգակ-97» հրատարակչության ծրագրերի ղեկավար

«Պետք է ասեմ, որ բոլոր տաղավարներում էլ շատ հետաքրքիր գրականություն է ներկայացված: Գրականություն, որը կհարստացնի յուրաքանչյուր ընթերցողի գրադարանը: Իսկապես շատ մեծ ու ողջունելի նախաձեռնություն է, նույնիսկ ավելին՝ միջոցառումների շարքում ամենանշանակալի ու հիմնարար իրադարձությունը: Մեր Մայր բուհին ուզում եմ մաղթել շարունակական հաջողություններ, որակյալ մասնագիտական կրթություն: Համալսարանն այն օջախն է, որը յուրաքանչյուրիս կյանքում մի ուրույն տեղ է գրավում: Ամեն անգամ համալսարան մտնելիս անկեղծ ակնածանք եմ ապրում»:

Էդիկ Մինասյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

«Շատ ուրախ ենք, որ նմանաբնույթ միջոցառում է կազմակերպվել, լավ հնարավորություն է ներկայանալ համալսարանականներին, մասնավորապես երիտասարդներին: Բավականին աշխույժ են, մոտենում են, հետաքրքրվում, ինչը, անկասկած, ուրախալի է: Օրվա ընթացքում գուցե ժամանակ չեն ունենում գրախանութ մտնել, իսկ այսօրվա միջացառումը կարող է լրացնել այդ բացը: Մի խոսքով՝ լավ ու դրական մթնոլորտ է: Թող համալսարանականները միշտ բարձր պահեն իրենց բուհի պատիվը: Եվ եթե նույնիսկ արտերկրում իրենց  ուսումը շարունակեն, անպայման վերադառնան և իրենց ներդրումն ունենան Մայր բուհի զարգացման գործում»:

Նարե Աթոյան

«Անտարես» հրատարակչության աշխատակից

 «Շատ հետաքրքիր նախաձեռնություն է, իսկապես հրաշալի միտք էր սա: Ինձ համար կրկնակի տոն է, քանի որ ինքս համալսարանական եմ: Պետք է նշեմ, որ հաճույքով ենք մասնակցում, միշտ պատրաստ ենք համատեղ միջոցառումներին մեր մասնակցությունն ունենալ: Ներկայացնում ենք գեղարվեստական գրականությունը, քանի որ բուհի համար, կարծում եմ, ավելի հետաքրքիր է: Նաև մանկական գրականություն ունենք հատուկ համալսարանական ծնողների համար: Մայր բուհին մաղթում եմ հետագայում էլ շարունակի իր առաքելությունն անթերի իրարականացնել, այն է՝ բացի գիտելիքներից՝ ուսանողին ներշնչել նաև հայրենասիրական զգացողություններ, որոնք ամենաճիշտ արժեքներն են իսկական քաղաքացի դառնալու համար»:

Շավարշ Կարապետյան

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի բաժնի տնօրեն

«Հիրավի, ողջունելի նախաձեռնություն է: Իհարկե ուսանողների և ընդհանրապես այցելուների հոսքը սպասվածից քիչ է, սակայն կարծում եմ՝ նմանաբնույթ միջոցառումներին մասնակցելը դրական կանդրադառնա թե՛ հրատարակչությունների, թե՛ համագործակցության հեռանկարների զարգացման գործընթացի վրա: Մայր բուհին կմաղթեմ նոր զարգացումներ, նոր ճանապարհներ դեպի ժամանակակից կրթական համակարգ: Ներկայիս վիճակն այնքան էլ գոհացնող չէ, սակայն վստահ եմ, որ այդ ներուժն ունենք և կարող ենք ավելին անել ու ավելի լավ արդյունքներ գրանցել»:

Միհրան Բարսեղյան

«Մանմար» հրատարակչության ներկայացուցիչ

«Շատ գեղեցիկ միջոցառում է: Այցելուները բավականին աշխույժ են, մոտենում են, գրականությունը վերցնում, ինչն ուղղակի ուրախալի է: Մենք ներկայացնում ենք  բավականին արդիական հարցերին վերաբերող գրականություն, ինչպիսիք են միգրացիան կամ թրաֆիկինգը: Հրաշալի է, որ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու այս միջոցառումներին: ՄԱԿ-ի և ԵՊՀ-ի համագործակցությունը բավականին բազմաշերտ է, և հետագայում էլ, վստահ եմ, որ մեր բարեկամությունը շարունակական կլինի: Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ում միշտ էլ բարձր է եղել կրթական մակարդակը, և համոզված եմ, որ այդ ցուցանիշը պահպանվելու է: Ես ինքս համալսարանական եմ և հպարտ եմ դրանով»:

Հասմիկ Սարգսյան

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության

վարչության իրազեկման հարցերով պատասխանատու, գրադարանավար