ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՎԱՐՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանի հայազգի դասախոս Սոնա Հարությունյանն այս օրերին Մայր բուհում անցկացնում է հանրային դասախոսությունների ու սեմինարների շարք:

Վերջինս ԵՊՀ-ի հրավերով երկշաբաթյա այցով Հայաստանում է Միգրացիայի միջազգային կազմակերպության «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակում:

Նոյեմբերի 9-ին ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ պրոֆեսոր Հարությունյանի «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը: Միջոցառմանը ներկա էին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հրավիրյալ հյուրեր և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը: Նա կարևորեց Սոնա Հարությունյանի այցը Հայաստան և փաստեց, որ անցկացվող հանրային դասախոսություններն ու սեմինարներն օգնելու են ապագա թարգմանիչներին հետագայում նոր բացահայտումներ անելու հարցում:

Դասախոսության ընթացքում Սոնա Հարությունյանը գրական, լեզվաբանական ու հոգեբանական տեսանկյուններից վերլուծեց Հայոց ցեղասպանության վերապրյալների վկայությունները, ականատեսների հիշողություններն ու Իտալիայում լույս տեսած գեղարվեստական գրականությունը:

«Հպարտ ենք և ուրախ, որ տարիներ առաջ գերազանցության վկայականով ԵՊՀ-ն ավարտած Սոնա Հարությունյանը, մեկնելով Վենետիկ, կարողացել է շարունակել իր գիտական և մանկավարժական գործունեությունը` նպաստելով օտար հողում մեր լեզվի ու մշակույթի տարածանը, և այսօր այցելու դասախոսի կարգավիճակով վերադարձել է Մայր բուհ` ներկայացնելու իր` այս տարիների գիտական հետազոտությունների արդյունքներն ու նվաճումները»,- հանդիպման ավարտին ասաց հայագետ, Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանը:

Նոյեմբերի 10-ին էլ կրկին նույն դահլիճում տեղի ունեցավ Սոնա Հարությունյանի երկրորդ հանրային դասախոսությունը` «Հայկական հետքերը Վենետիկում» թեմայով: Գիտնականն անդրադարձավ Կիլիկիայի հայոց թագավորության և Վենետիկյան Հանրապետության միջև եղած փոխհարաբերություններին, Մարկո Պոլոյի Այաս կատարած ուղևորությանը, Հայաստանի վերջին թագուհի Կատերինա Կորներին, Հակոբ Մեղապարտին, Աբգար Դպիր Թոխատեցուն, Նոր Ջուղայից Վենետիկ հասած Շեհրիմաններին, Նապոլեոնի հրամանագրին, որով կայսրը հայտարարում էր, որ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայ վարդապետները պահպանում են իրենց կարգավիճակը, Բայրոնի հայերեն ուսումնասիրելուն և Մխիթար Սեբաստացուն:

«Վենետիկում հետևելով ժամանակի ընթացքում չջնջված այն բյուր հետքերին, անցնելով կալլեներով, մեծ ու փոքր հրապարակներով, ջրանցքներով, փորփրելով գրքերի ու փաստաթղթերի ստվար կույտերը` տեսնում ենք այն բազմաթիվ նպաստող հանգամանքները, որոնցով հայերը մասնակցել են ջրային քաղաքի առաջացմանը, ինչպես նաև զարգացրել են առևտուրն ու հարստացրել մշակույթը: Համոզվեցինք, թե ինչ ազդեցիկ ներկայություն են ունեցել մեր նախնիները դարեր ի վեր խոյացած, աշխարհին իր հմայքով գերած, անսանձելի զգացումներ արթնացնող այս ջրային քաղաքում: Ուստի զարմանալի չէ, որ Վենետիկը եղել և մինչ այսօր մնում է հայ արդի մշակույթի հորիզոնի վրա` իբրև լուսաշող մի փարոս, հայ ինքնության և եվրոպական քաղաքակրթության յուրահատուկ արժեքների միահյուսման մի խորհրդանիշ»,- իր ելույթը եզրափակեց Սոնա Հարությունյանը:

Նշենք նաև, որ հետագա օրերի ընթացքում Սոնա Հարությունյանը, ինչպես նաև նրա հետ Իտալիայից ժամանած մյուս մասնագետները թարգմանության և լեզվաբանության թեմաներով գիտական սեմինարներ են անցկացնելու Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իտալական, անգլիական բանասիրության և թարգմանչական բաժինների ուսանողների հետ: