Պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի (հեղափոխական անունն է 1904 թ.-ից, իսկ իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Հովհաննիսյան) նամականու գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր ՀՀ հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում:
Նամակների ժողովածուն կազմել է անվանի հայ պատմաբան Երվանդ Փամբուկյանը՝ հավաքելով Բոսթոնի ՀՅԴ արխիվից Արամ Մանուկյանի և նրան ուղղված մեծամասամբ անհայտ նամակները՝ գրված 1904-1915 թթ.-ին:
Հյուրերին նախ ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Աշխատությունն ընդգրկում է 20-րդ դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական գործչի՝ Արամ Մանուկյանի շուրջ 325 անտիպ նամակներ, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր: Նախագիծը սկսվել է շուրջ 4 տարի առաջ: Տեղեկանալով նախաձեռնության մասին՝ ԵՊՀ-ն հանձն է առել տպագրել աշխատությունը՝ 1.000 օրինակ տպաքանակով: Նշեմ նաև, որ կազմել ենք 1904-1915 թթ.-ին Արևմտյան Հայաստանում Արամ Մանուկյանի ծավալած գործունեության քարտեզը»:
Գրքի ստեղծման պատմությունը, ինչպես նաև բովանդակային որոշ տվյալներ ներկայացրեց գրքի հեղինակ Երվանդ Փամբուկյանը:
«Գրքի ընթերցողը հնարավորություն կունենա հստակորեն պատկերացնելու Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության այն դժվարին ժամանակաշրջանը, երբ Օսմանյան Թուրքիայի տիրապետության ճնշումների տակ գտնվող, փախստականի կարգավիճակում հայտնված և առողջական լուրջ խնդիրներ ունեցող գործիչը գծագրում էր հայոց պետականության վերականգման նախագիծը»,- նշեց Ե. Փամբուկյանը և շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանն աջակիցներին՝ ի դեմս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի:
ԵՊՀ հրատարակչության ջանքերով հրատարակված նամականին նաև լույս է սփռում Արամ Մանուկյանի՝ ազգային-ազատագրական պայքարի մի մասը կազմող Վան-Վասպուրականի հայության ինքնապաշպանության գործընթացում ունեցած գործունեության վրա:
Հանդիպման ավարտին ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպված երկօրյա գիտաժողովն ամփոփեց ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ու բաժանմունքների նախագահողները: