ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԿԻՐԱՌՎԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՉԱՓՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴ
Հայաստանը ժողովրդավարության մակարդակի ինդեքսում 4-րդն է՝ Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից հետո:

Այս տեղեկություններն այսօր ԵՊՀ-ում հրապարակեցին «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծություն. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ուկրաինա, Մոլդովա» միջգիտակարգային հետազոտության հեղինակները: Հետազոտությունն իրականացվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում:

«Այսօր հայ և միջազգային փորձագիտական հանրույթին ենք ներկայացնում մի աշխատանք, որը Հայաստանում չունի նախադեպը այն առումով, որ կիրառվել է մի մեթոդ, որտեղ համադրվել են քաղաքագիտական, սոցիալական, իրավական և այլ ինդեքսները: Դրանց՝ մաթեմատիկական ճշգրտության հաշվարկով վեր է հանվել ժողովրդավարության մակարդակը այդ երկրներում»,- նշում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը և հավելում, որ հետազոտությունը կիրառելի է տարբեր կազմակերպությունների համար:

Փորձագիտական խմբի անդամ Աշոտ Ալեքսանյանի խոսքերով՝ ուսումնասիրության համար ընտրվեցին հատկապես այս երկրները, որովհետև ինչ-որ ձևով առնչություն ունեն Հայաստանի հետ՝ եվրոպական և եվրասիական ինտեգրման գործընթացների համատեքստում. «Հետաքրքիր է, որ դեմոկրատիայի դիֆիցիտը, որ առկա էր հետխորհրդային երկրներում, ինչ-որ առումով հաղթահարվեց եվրաինտեգրման գործընթացի շնորհիվ»:

Աշխատանքը ներառում է ինչպես ներերկրային, այնպես էլ միջերկրային վերլուծություններ: Ներերկրային վերլուծության շրջանակներում չափվել է Արևելյան գործընկերության պետությունների, Ռուսաստանի և Ղազախստանի ժողովրդավարությունը 1995-2013 թթ.-ին, իսկ միջերկրայինի շրջանակներում՝ 2012-2013 թթ.-ին:

«Ժողովրդավարության մակարդակի ինդեքսը բաղկացած է 5 հիմնական գործոններից՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, առողջապահական և կրթական: Դրանցից յուրաքանչյուրը ներառում է տարբեր ցուցանիշներ, որոնց հիման վրա կատարել ենք չափումները»,- նշում է հետազոտության գիտական ղեկավար քաղ. գիտ. թեկնածու Արուսյակ Ալեքսանյանը:

Ըստ մշակված սանդղակի՝ այս երկրներից առավել բարձր միավորներ ունի Մոլդովան, որին հաջորդում են Վրաստանն ու Ուկրաինան: Ժողովրդավարության մակարդակը չափող սանդղակում Հայաստանը 4-րդ տեղում է, իսկ ամենացածր ցուցանիշներն ունի Ադրբեջանը:

Խոսելով Հայաստանի մասին՝ Արուսյակ Ալեքսանյանը նշեց, որ 1995-2013 թթ.-ի ընթացքում ժողովրդավարության մակարդակի դրական աճի միտում կա, ինչը, սակայն, բոլոր ոլորտներում չէ, որ երևում է:
«Ըստ քաղաքական գործոնների ինդեքսի՝ դրական միտում ընդհանուր առմամբ չի եղել: Այսինքն՝ այս ոլորտում դրական շատ փոփոխություններ չեն եղել: Ամենամեծ անկումը 2008 թ.-ին է եղել՝ կապված նախագահական ընտրությունների, դրանց արդյունքում քաղաքացիական անհանգստությունների, քաղաքական ճնշումների հետ»,- ասում է փորձագետը:

Ըստ հետազոտության արդյունքների՝ այս ցուցանիշի ցածր մակարդակը լրացնում են սոցիալական և տնտեսական ոլորտներում գրանցված դրական տեղաշարժերը: Իսկ տնտեսական ազատության ինդեքսով ամենաբարձր ցուցանիշներն ունեն Հայաստանն ու Վրաստանը:

Կրթության մասին խոսելիս էլ Արուսյակ Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանում թեև դրա որակական մակարդակը բարձր է, սակայն ծախսերի, պետական միջոցների հատկացումների առումով դրական փոփոխություններն այնքան էլ զգալի չեն:

Ամփոփելով հետազոտության արդյունքները՝ մասնագետները եկել են այն եզրակացությանը, որ նշված երկրները մասնակի ժողովրդավարական են, և միայն Ադրբեջանն ու Ղազախստանն են, որ իրենց ցուցանիշներով փոքր-ինչ մոտեցել են ոչ ժողովրդավարական երկրների ցանկին: Նշենք, որ հետազոտությունը հասանելի է և՛ հայերեն, և՛ անգլերեն տարբերակներով: