ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՄԿՐՏԻՉ ՄԱՄԲՐԵԻ ՄԿՐՅԱՆ
Գրականագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1907թ. հոկտեմբերի 9-ին Վանում: 1915-ի Մեծ եղեռնից մազապուրծ բազմաթիվ հայերի հետ 1919թ. Մ.Մկրյանը հանգրվանել է Երևանում: Ավարտելով Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը՝ մեկնել է Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) և աշխատել որպես ուսուցիչ: Մեկ տարի անց ընդունվել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետ:

1930թ. ավարտելով համալսարանը` Մ.Մկրյանն ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա: 1933-ից զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ: 1939թ. պաշտպանել է թեկնածուական, 1945թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1946թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1941-1947թթ. և 1957-1976թթ. Մ.Մկրյանը եղել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան, 1954-1980թթ.՝ հայ գրականության ամբիոնի վարիչ, 1947-1953ին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն: 1956թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:

1938թ. Երևանում տպագրվել է նրա կազմած «XIII-XVIIIդդ. հայ աշխարհիկ գրականությունը» ժողովածուն, որի ընդարձակ առաջաբանում նա նոր մոտեցումով է արժևորել Ֆրիկի, Կոստանդին Երզնկացու, Քուչակի, ՍայաթՆովայի և այլոց ստեղծագործությունները: «Գրիգոր Նարեկացի» մենագրության մեջ (Եր., 1955) Մ.Մկրյանը նորովի է բացահատել հանճարեղ մտածողի ստեղծագործության ազգային ու համամարդկային արժեքը: Նրա գրչի արգասիքն են «Էջեր հայ վիպասանության պատմությունից» (Եր., 1957), «Մովսես Խորենացի. կյանքն ու ստեղծագործությունը» (Եր., 1970), «Իսահակյանի հումանիզմը» (Եր., 1975), «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը» (Եր., 1981) մենագրությունները:

Մ.Մկրյանը հեղինակ է նաև բուհական և դպրոցական դասագրքերի` «Հայ հին գրականության պատմություն» (երկու հատորով, Եր., 1974), «Հայ գրականություն» հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի համար (ունեցել է 12 հրատարակություն):

Մ.Մկրյանը զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և համամիութենական գիտաժողովներում: Նրա աշխատությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն և այլ լեզուներով:

1961թ. Մ.Մկրյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

Վախճանվել է 1983թ. հոկտեմբերի 26-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը