Մենագրության հեղինակն է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, թուրքագետ, պատմ. գիտ. թեկնածու Լևոն Հովսեփյանը, ով, չնայած երիտասարդ տարիքին, հայ գիտական ոլորտում հայտնի է իր ծավալուն և հիմնարար աշխատություններով:
Հեղինակին ներկայացրեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը, ով ընդգծեց, որ տարածաշրջանային անվտանգության նոր զարգացումները հետազոտելու համար խիստ զգացվում է նմանաբովանդակ աշխատությունների կարիք:
«Նրա աշխատությունները լայնորեն կիրառվում են թե՛ պատմաբանների, թե՛ թուրքագետների և թե՛ քաղաքագետների կողմից: Ժամանակակից թուրքագիտության նոր ընկալումների ձեռքբերման գործում Լևոն Հովսեփյանի վաստակը բավականին մեծ է: Գիրքը հարուստ է փաստագրական տվյալներով, աղբյուրներով, վերլուծություներով, և այս ամենը գիտականորեն հիմնավորված է»,- նշեց ամբիոնի վարիչը:
Լևոն Հովսեփյանը ողջունեց և իր երախտագիտությունը հայտնեց գործընկերներին գրքի ստեղծման դժվարին գործում իրեն աջակցելու համար:
«Այս աշխատությունը մի քանի տարիների ընթացքում կատարած ուսումնասիրությունների վերջնարդյունքն է: Հաշվի առնելով Թուրքիայի պաշտպանական քաղաքականության միտումները, նրա դերակատարությունը, աճող ռազմական պոտենցիալը և այն անկայուն իրավիճակը, որ տիրում է մեր տարածաշրջանում, ինձ դրդեց լրջորեն զբաղվել մեր «ոխերիմ» բարեկամի ռազմական քաղաքականության հարցերով»,- ասաց մենագրության հեղինակը:
Լևոն Հովսեփյանը հավելեց նաև, որ ակնկալում է գործընկերների դիտողություններն ու նկատառումները:
Մենագրության գիտական և քաղաքական, ինչպես նաև հեղինակի մարդկային արժեքների մասին խոսեցին նաև ԵՊՀ գիտքարտուղար, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Մենուա Սողոմոնյանը և ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Բանախոսները գրքի լույսընծայման կապակցությամբ նախ և առաջ շնորհավորեցին ուսանողներին, ովքեր այսուհետ հայոց լեզվով տեղեկատվական եզակի աղբյուրից օգտվելու հնարավորություն կունենան: