ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
«ՆՐԱՆՔ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆ». ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՑՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսուա Վիոն պոետի մասին շատերը գիտեն։ Իր անբարո վարքի համար նա 1463 թվականին վտարվել է Փարիզից, ինչից հետո ուշ միջնադարի ամենամեծ բանաստեղծի մասին ոչ մի հստակ տեղեկություն չի եղել։ Հայտնի է միայն, որ Վիոնը մահացել է 1491 թվականից ոչ ուշ, երբ տպագրվեց նրա ստեղծագործությունների առաջին հատորը:

Այդ ժամանակ 15-րդ դարն էր, և մարդու անհետացումն ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ։ Բայց նույնիսկ 19-20-րդ դարերում եղել են մի շարք գրողներ, որոնց մահվան հստակ օրը հայտնի չէ, քանի որ վերջիններս տարօրինակ կերպով անհետացել են։ 

Ամբրոզ Բիրս



Ամերիկացի գրող, լրագրող, հումորային և սարսափ պատմվածքների հեղինակ Ամբրոզ Բիրսը, որը նաև սուր քննադատի համբավ ուներ, փորձում էր շարունակել իր մեծ նախորդ Էդգար Ալլան Պոյի (ի դեպ, նրա մահվան հանգամանքները ևս հայտնի չեն) գործը։ 

1913 թվականի վերջին 71-ամյա Բիրսը մեկնում է ԱՄՆ-ի հյուսիս՝ ևս մեկ անգամ այցելելու այն վայրերը, որտեղ կռվել էր քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Սակայն հարևան Մեքսիկայում հեղափոխության ալիք է բարձրանում, և գրողը որոշում է միանալ Պանչո Վիլի բանակին։ Բիրսը1864 թվականին լուրջ վիրավորվում է Քենեսո լեռան ճակատամարտում և հայտնվում հիվանդանոցում՝ իր պարտականություններին վերադառնալով սեպտեմբերին։ Նա զորացրվում է բանակից 1865 թվականին, որից հետո նրա հետքն անհետանում է։ Տեսակետներ կան, որ գրողը զոհվել է ճակատամարտերից մեկի ժամանակ կամ գնդակահարվել կառավարական բանակի կողմից։ Սակայն նրա ժամանակակիցները ենթադրում են, որ Բիրսին գնդակահարել են հենց հեղափոխականները։ 

Արթուր Քրավան



Օսկար Ուայլդի զարմիկ, ֆրանսիացի գրող և բռնցքամարտիկ Արթուր Քրավանի կենսագրությունն ինչ-որ տեղ հիշեցնում է Ֆրանսուա Վիոնինը։ Նա նույնպես հանցագործ էր, ավազակ և խուլիգան։ Բռնցքամարտիկ Քրավանը մեկ անգամ մենամարտի է կանչել այն ժամանակ աշխարհի չեմպիոն Ջեք Ջոնսոնին, որին պարտվել է առաջին ռաունդում։ Նա շատ է ճամփորդել (հիմնականում կեղծ փաստաթղթերով) և ճակատագրի բերումով հայտնվել է Մեքսիկայում, որտեղ էլ անհետացել է։

Լեոնիդ Դաբիչին



1936 թվականի մարտի 25-ին Լենինգրադի գրողների միության հերթական հավաքի ժամանակ Դաբիչինի ստեղծագործությունները ենթարկվել են սուր քննադատության, ինչի պատճառով նա լքել է հավաքը մինչ դրա ավարտը։

Միջադեպի հաջորդ օրը նրա հետ հեռախոսազրույց է ունեցել Վալենտին Կավերինը, որը փաստում է, որ խոսակցությունը սկզբում սովորական բնույթ է կրել, սակայն վերջում Դաբիչինն ասել է, որ «նրանք» բացարձակապես ճիշտ էին։

Կավերինի խոսքով, իր մտքով չէր կարող անցնել, որ ընկերոջ ձայնը լսում է վերջին անգամ։ Մարտի 26-ից հետո Դաբիչինին ոչ ոք այլևս չտեսավ։ Հավանական է, որ նա ինքնասպանություն է գործել, բայց մարմինն այդպես էլ չեն հայտնաբերել։ Վարկած կա նաև, որ գրողը մեկնել է Լենինգրադից ու բնակություն հաստատել ինչ-որ խուլ գյուղում՝ հեռու մնալով չարախոսություններից ու սուր քննադատությունից։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի



Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, թերևս, անհետացած գրողներից ամենահայտնին է։ 1944 թվականի հուլիսի 31-ին նա ուղևորվել է Կորսիկայում գտնվող Բորգո օդանավակայան՝ հետախուզական թռիչք իրականացնելու և այդպես էլ չի վերադարձել։ Երկար ժամանակ գրողը համարվել է անհետ կորած։

1998 թվականին Մարսելի մոտակայքից մի ձկնորս ծովում գտել է ապարանջան, որի վրա գրված է եղել «Antoine», «Consuelo» (Անտուանի կնոջ անունն է) և «c/o Reynal & Hitchcock, 386, 4th Ave. NYC USA» (այն հրատարակչության հասցեն է, որը տպում էր գրողի գրքերը)։ Իսկ 2000 թվականին մի ջրասույզ նույն տեղում հայտնաբերել է կործանված ինքնաթիռի մասեր, 2003 թվականին այդ մասերը դուրս են բերվել ջրից։ Պարզ է դարձել, որ դա հենց այն նույն ինքնաթիռն էր, որով թռիչքի էր դուրս եկել Սենտ-Էքզյուպերին։ 



Թե ինչու է ինքնաթիռը կործանվել, մինչ օրս պարզ չէ։ Ամենահայտնի վարկածն այն է, որ ինքնաթիռը պարզապես տեխնիկական անսարքություն է ունեցել և այդ պատճառով հայտնվել ծովի հատակին։ Կա նաև վարկած, որ գրողը, որն այդ ժամանակ խորն ընկճախտի մեջ էր, ինքն է ուղղել այն ծովի հատակը։ 

2008 թվականին տպագրվեց մի հոդված, որտեղ պատերազմի մասնակից, գերմանացի օդաչու, լրագրող Հորստ Ռիպերտը հայտարարեց, որ թռիչքի ժամանակ իր կործանիչով սպանել կամ վիրավորել է գրողին, որը դրա պատճառով կորցրել է ինքնաթիռի կառավարումն ու ընկել ծովը։ Սակայն Ռիպերտի ռազմական նոթերում նման գրառում չկա, և նրա ղեկավար կազմն էլ տեղյակ չէր նշված դեպքի մասին։ Այդ պատճառով ղեկավարությունը տարիներ անց չհավատաց վետերանի խոսքին։ Թեև ծովում երկար տարիներ փորձեցին գտնել գրողի դին, սակայն մինչ օրս դա չի հաջողվել։ Կա նաև տեսակետ, ըստ որի՝ Սենտ-Էքզյուպերին կազմակերպել է իր ենթադրյալ մահը, որպեսզի անհետանա ու հանգիստ ապրի ուրիշ վայրում:

Ուելդոն Կիզ



Ուելդոն Կիզի անունը մեզ հայտնի է ավելի շատ նրանով, որ վերջինիս բանաստեղծություններով հիանում էր Իոսիֆ Բրոդսկին։ Ամերիկացի գրողն ու նկարիչը, որը մեծ դեր է ունեցել սյուռեալիզմի զարգացման ու տարածման մեջ, իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Կալիֆորնիայում։ 1955 թվականի հուլիսի 19-ին նրա մեքենան հայտնաբերել են Մարինի տարածաշրջանի անապատներից մեկում։ Հենց մեքենայից հետո էլ «ավարտվում» է Ուելդոնի կյանքը, քանի որ դրանից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել։ Ենթադրում են, որ նա ինքնասպանություն է գործել՝ ցած նետելով իրեն Ոսկե դարպասներ կամրջից։ Սակայն կա նաև վարկած, որ գրողը գնացել է Մեքսիկա և կրկնել Քրավանի ու Բիրսի ենթադրյալ ճակատագիրը։ 

Ագաթա Քրիստի



Նմանօրինակ առեղծվածային դեպք կարելի է համարել նաև համաշխարհային ճանաչում ունեցող գրող Ագաթա Քրիստիի ժամանակավոր անհետացումը։ 1926 թվականը Քրիստիի համար տհաճ իրադարձություններով լի տարի էր. նախ մահացավ նրա մայրը, ապա ամուսինն ամուսնալուծության ցանկություն հայտնեց: Ընտանեկան վեճերից հետո՝ դեկտեմբերի 3-ին, Քրիստիի ամուսինը հեռացավ սիրուհու մոտ, իսկ նա նստեց ավտոմեքենան և հեռացավ՝ գրառում թողնելով Յորքշիր ուղևորվելու մասին: 

Քրիստին անհետացավ 10 օրով: Որոնողական աշխատանքներին մասնակցում էր մոտ հազար ոստիկան՝ շների հետ միասին, 15 հազար կամավոր և մի քանի ինքնաթիռ: Գրողի ավտոմեքենան անհետանալու հաջորդ օրը հայտնաբերեցին. հետևի նստատեղին դրված էին Քրիստիի մուշտակն ու վարորդական իրավունքը: Ավելի ուշ Քրիստիի գտնվելու մասին հայտնեցին Հարոգեյթի հյուրանոցի աշխատակիցները, որոնք ճանաչել էին գրողին թերթերում տպված լուսանկարներից։ Գրողը օգտագործել էր ամուսնու սիրուհու անունը՝ գրանցվելով որպես Թերեզա Նիլ: Քրիստիի ոչ մի կերպ չի կարողացել բացատրել իր անհետացումը, իսկ բժիշկներն այս երևույթը գնահատել են որպես հիշողության կարճատև խանգարում: 

Խաչատուր Աբովյան



Հայ գրականության մեջ նույնպես կա գրող, որի անհետացման հանգամանքները չեն պարզվել։

Հայաստանում հասարակական-քաղաքական զարգացումները19-րդ դարի սկզբին Աբովյանի՝ Ռուսաստանի նկատմամբ ունեցած խանդավառ վերաբերմունքը («Օրհնվի էն սհաթը...») մարեցին, ու նրա մոտ սկսեց ձևավորվել հակառակ մոտեցումը։ Ձախողվեցին դպրոց ստեղծելու ծրագրերը, և ընդհանրապես չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այսպիսի պայմաններում 1848 թ. ապրիլի 2-ի առավոտյան Աբովյանը դուրս եկավ տնից ու այլևս չվերադարձավ:

Հայ գրող Ակսել Բակունցի կարծիքով, Աբովյանը գնացել է 1848 թ. եվրոպական հեղափոխություններին մասնակցելու, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի կարծիքով, նա ինքնասպանություն է գործել, իսկ պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզված է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։

Բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի՝ Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ գրողի աքսորված լինելու վերաբերյալ։

Վիեննայում լույս տեսնող «Հանդես ամսօրյա»-ում տպագրված «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» խորագրով հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որն աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որն աքսորված էր այստեղ»:

Խ. Աբովյանի՝ Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Էջմիածնի Գևորգյան ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը: Նա պատմում է, որ Գերմանիայում իր ուսումնառության տարիներին Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին։

 

Պատրաստեց Մարինա Առաքելյանը