Հայոց մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ` ԵՊՀ հրատարակչությունը հայ ընթերցողին ներկայացրեց Գոնսալո Գուարչի «Հայոց կտակ», Ստեփան Պողոսյանի «Հայոց ցեղասպանության պատմություն» (1-3-րդ հատորներ), Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներով», Վահան Բայբուրդյանի «Օսմանյան կայսրության պատմություն», Ստյոպա Պետոյանի «Թուրքերը թուրքերի մասին» (1-ին հատոր) գրքերը:
Հրատարակվել են նաեւ «Թուրքերը թուրքերի մասին» գրքի 2-րդ հատորը, որի աշխատանքներն իրականացրել է Ստեփան Պողոսյանը, Վարուժան Պողոսյանի «Հայոց ցեղասպանության առաջին փուլը ֆրանսիական պատմագրության եւ հասարակական մտքի գնահատմամբ (XIX դարի վերջ-XX դարի սկիզբ)», Դորա Սաքայանի «Զմյուռնիա, 1922, բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը» (հայերեն եւ անգլերեն), Ռաֆիկ Նահապետյանի «Աղձնիքահայերի` մանկան խնամքի ավանդական սովորույթներն ու ծեսերը», Վիլհելմ Բաումի «Թուրքիան եւ նրա քրիստոնյա փոքրամասնությունները» գրքերը: Հրատարակչությունը վերոնշյալ գրքերը տպագրել է վերջին մեկ տարվա ընթացքում, մասնավորապես վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նախատեսվում է պետական պատվերի շրջանակներում հրատարակել «Թուրքերը թուրքերի մասին» գրքի երրորդ հատորը, ինչպես նաեւ այս երեք հատորների ամփոփագրերը անգլերենով:
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը վստահեցրեց, որ բավականին անփույթ վերաբերմունք է եղել Հայոց ցեղասպանությանն անդրադարձող օտար հեղինակների աշխատությունների հանդեպ: Իսկ մասնագիտությամբ ճարտարապետ, իսպանացի Գոնսալո Գուարչի «Հայոց կտակ» եւ «Տոհմածառ» գրքերի թարգմանիչ Մերի Սուքիասյանի վստահեցմամբ` այսպիսի գրքերի հրատարակումը շատ կարեւոր է, քանի որ դեռ շատ երկրներ կան, որոնք տեղյակ չեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի առաջին կեսերն ընկած ժամանակահատվածում:
Մերի Սուքիասյանի խոսքերով` Գուարչն իր ողջ կյանքը նվիրել է ազգամիջյան պատերազմներին եւ երբ տեղեկացել է, թե ինչ տառապանքներ է կրել հայ ժողովուրդը, նախաձեռնել է գրել այս գրքերը: «Հայոց կտակ»-ը Գոնսալո Գուարչի Հայոց ցեղասպանությանը նվիրված եռագրության երկրորդ գիրքն է, առաջին` «Տոհմածառ» գիրքը եւս ունի իր հայերեն թարգմանությունը, իսկ երրորդ` «Սպիտակ լեռը» գիրքը դեռեւս չի թարգմանվել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր գոհունակությունն արտահայտեց, որ մեզանում գրքասիրությունը վերածնունդ է ապրում, իսկ ԵՊՀ հրատարակչությունը զարմանալի հաստատակամությամբ հրատարակում է գրքեր, որոնք վերաբերում են մեր պատմության սեւ եւ սպիտակ էջերին. «Այստեղ ներկայացված գրքերն առանձնանում են իրենց հայրենասիրական մղումով, եւ իսկապես դրվատանքի են արժանի ԵՊՀ հրատարակչության աշխատակիցները, ովքեր յուրովի ճիշտ են ընկալում ժամանակի շունչը, ԵՊՀ-ում նոր գրքեր հրատարակելու պահանջը»,- ասաց Արամ Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորը երախտագիտություն հայտնեց նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են գրքերի հրատարակման գործին, մասնավորապես Գալուստ Կյուլպենկյանի հիմնադրամին, ինչպես նաեւ անհատ բարերարներին: 2010 թվականին Երեւանի պետական համալսարանի կողմից 28 մլն դրամ է հատկացվել գրահրատարակչական գործին: Ըստ հրատարակչության տնօրենի` 200-ից ավելի հայագիտական գրքեր են հրատարակվել, որոնք հայագիտական մեծարժեք գործեր են: