ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՆՈՐ ԳԻՐՔ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայագետ, թարգմանիչ Դորա Սաքայանի «Նրանց քշում են անապատները…» գրքի շնորհանդեսը:

Դորա Սաքայանն իր կյանքի զգալի հատվածը նվիրել է գիտական և գրականագիտական գործունեությանը: Նա հեղինակ է տարբեր գրքերի, դասագրքերի, գիտական հետազոտությունների և այլն: ԵՊՀ հրատարակչության կողմից տպագրված «Նրանց քշում են անապատները…» գիրքը հեղինակի նույնանուն՝ 2016 թ.-ին Ցյուրիխի «Լիմաթ» հրատարակչության կողմից լույս տեսած գերմաներեն բնագրի հայերեն տարբերակն է, որին հեղինակը ավելացրել է վերջաբան:

Գրքի ծնունդը շնորհավորելու էին եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, գրականագետ Ավիկ Իսահակյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, գրական ոլորտի առաջավոր դեմքեր, ուսանողներ և ուրիշներ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ վերջին տարիներին պարբերական և արդյունավետ է դարձել համալսարանի և Դորա Սաքայանի հետ համագործակցությունը: Ռեկտորի հավաստմամբ՝ տարիներն անցնում են, բայց Դորա Սաքայանը շարունակում է երիտասարդական ավյունով նորանոր աշխատություններ հրապարակել. «ԵՊՀ պատվավոր դոկտորի գրքերի մեծ մասը վերաբերում է Հայոց ցեղասպանության խնդրին: Պետք է նշել, որ տիկին Սաքայանը համալսարանական այն քիչ հին աշխատակիցներից մեկն է, ով շարունակում է ամուր կապեր պահպանել Մայր բուհի հետ: Ինչ խոսք, նրա հետ համագործակցությունը տալիս է առատ պտուղներ. այդ պտուղներից մեկն էլ «Նրանց քշում են անապատները…» գիրքն է»:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ողջունեց շնորհանդեսի մասնակիցներին և նշեց, որ Գերմանիայում Հայոց ցեղասպանության հարցն այսօր դարձել է հանրության լայն շերտերի քննարկման և իրազեկման նյութ. «Ցեղասպանության հետազոտությունների մեջ շատ կարևոր տեղ են զբաղեցնում ականատեսների վկայությունները: Դրանք մեզ ավելի ու ավելի ցայտուն կերպով են ներկայացնում այն տառապանքը, որը կրել է հայ ժողովուրդը 1915 թ.-ին և դրանից հետո: Այսպիսի հրատարակությունները ևս մեկ քայլ են օժանդակելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շատ բան իմանալ և զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով»:

Գրքի հեղինակը՝ Դորա Սաքայանը, այժմ ապրում և ստեղծագործում է Կանադայում: Նա նշեց, որ Շվեյցարիայում մեծածավալ աշխատության բնագիր տարբերակը լայն տարածում է գտել: Տիկին Սաքայանը զարմանալի և միաժամանակ ողջունելի համարեց նաև գրքի հայերեն տարբերակի կայծակնային արագությամբ պատրաստումն ու տպագրումը, ինչի համար շնորհակալ է ԵՊՀ հրատարակչության ստեղծագործական թիմին:

Պետք է նշել, որ աշխատության հիմքում ընկած են Դորա Սաքայանի կողմից շվեյցարական արխիվներից հավաքված և գոթական ձեռագրերից վերծանված, Հայոց ցեղասպանության ականատեսների` շվեյցարացի ամուսիններ Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիների օրագրությունները։ «Նրանց քշում են անապատները...» գիրքը բաղկացած է երեք գլխից. առաջին երկուսը նվիրված է շվեյցարացի զույգին, իսկ երրորդը` նրանց օգնությամբ սպանդից մազապուրծ եղած հայորդի Հայկ Արամյանին։

«Նրանց քշում են անապատները…» գրքի խմբագիր, բան. գիտ. թեկնածու Մերի Հովհաննիսյանը նշեց, որ գիրքը կարող է մեծ դերակատարում ունենալ պատմական ճշմարտությունների վերհանման առումով. «Այն կարևոր աղբյուր է Հայոց ցեղասպանության գլխավոր մեղադրյալների և մեղսակիցների ամբողջական պատկերը գիտականորեն մշակելու և հիմնավորելու տեսանկյունից»:

Բոլոր բանախոսներն էլ, բարձր գնահատելով Դորա Սաքայանի գիտական և գրականագիտական միտքը, նշեցին, որ նրա նոր գիրքը անգնահատելի նշանակություն ունեցող աշխատություն է: Իսկ շնորհանդեսի ավարտին տիկին Սաքայանը խոստացավ, որ հաջորդ գիրքը երկար սպասեցնել չի տա:

Նշենք նաև, որ գիրքը հասցեագրված է ցեղասպանագետներին և ընթերցող լայն հասարակությանը: Մի նոր և արժեքավոր վավերագրությամբ այս գրքով Դորա Սաքայանը հարստացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը. այն կարող է կարևոր դեր կատարել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

Դորա Սաքայանը ԵՊՀ պատվավոր դոկտոր է, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալակիր, Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ մեդալակիր, Կանադայի ՄակԳիլլ համալսարանի պրոֆեսոր: Արժանացել է Գերմանիայի Դաշնության «Արժանյաց կարգի խաչ» քաղաքացիական բարձրագույն շքանշանի: Հեղինակ է շուրջ տասնյակ գրքերի և գիտական հոդվածների: