ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՆՈՐ ԳՐՔԵՐԸ ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՆ
Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի երկու գրքերի շնորհանդեսը:

Էդիկ Մինասյանի «Հայ հերոսուհի կանայք», Էդիկ Մինասյանի և Տաթևիկ Մինասյանի «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտերի տարիներին» գրքերը լույս են տեսել ՀՀ մշակույթի և ՀՀ Սփյուռքի նախարարությունների ֆինանսական աջակցությամբ: Գրքերը հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը՝ 300 և 500 օրինակներով: Դրանք նախատեսված են ընթերցողների լայն շրջանակի համար:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:

«Հայ կանանց դերը պատմության հոլովույթում շատ զորեղ և կարևոր է եղել: Մենք չենք կարող չհիշել այն հերոս կանանց, ովքեր հայ մնալու, քրիստոնյա լինելու և օտարին կնության չգնալու խնդիրը գերադասեցին ամեն ինչից: Նրանք կյանքի գնով զոհվեցին, բայց չհանձնվեցին: Սա մեծագույն արժանիքն է, որի մասին մենք պետք է խոսենք, ընդգծենք և հպարտանանք: Հայ կնոջ ամենամեծ արժանիքը նրա առաքինությունը, համեստությունը, հեզությունն ու ընտանիքի նվիրումն է»,- ասաց Հրանուշ Հակոբյանն ու հավելեց, որ գրքերի հեղինակը հազարավոր օրինակներից ընտրել և առանձնացրել է առավել աչքի ընկնողներին և ներկայացրել ընթերցողին:

Երկու գրքերն էլ շուրջ հինգ տարվա ուսումնասիրության արդյունք են: Հեղինակը ուսումնասիրել է արխիվային փաստաթղթեր, հուշեր և այլն, ինչպես նաև հայ հերոսուհի կանանց պատմությունները, ովքեր մասնակցել են Սասունի ապստամբությանը, թաթարական ընդհարումներին և ազատագրական պայքարի գրեթե բոլոր փուլերին: Պարոն Մինասյանը հիմնական շեշտը դրել է Հայոց ցեղասպանության ժամանակ ինքնապաշտպանական հերոսամարտերին (Մուսա լեռ, Ուրֆա, Տրապիզոն), ինչպես նաև Հայրենական և Արցախյան պատերազմներին մասնակցած կանանց վրա:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Էդիկ Մինասյանի և նրա կատարած աշխատանքների մասին խոսելիս նշեց, որ նա միշտ իր ձեռքը պահում է կյանքի զարկերակի վրա. «Որպես պատմաբան, նա շատ արագ կարողանում է կողմնորոշվել, թե ինչ թեմա և ինչ խնդիր է հետաքրքրում պատմագրությանը: Ինչ էլ որ գրում է, նա լինում է առաջին նկարագրողներից և ուսումնասիրողներից մեկը: Անշուշտ, այս ստվարածավալ գրքերը նորություն են մեր պատմագրության մեջ: Էդիկ Մինասյանն առանձնանում է նաև իր աշխատասիրությամբ. հանձին նրա՝ մենք գործ ունենք ժրաջան պատմաբանի հետ: Նա վաստակաշատ համալսարանական է, ով ունի բեղուն գրիչ…»:

Ըստ հեղինակի՝ Արցախյան հերոսամարտերում կանանց շնորհիվ է նաև, որ սրբագրվել է ազատագրական պայքարի այս կարևորագույն էջը. «Թեմայի վերաբերյալ այսօր միայն հանրագիտարանային տեղեկություններ են, չկան գիտական ուսումնասիրություններ, համեմատություններ և այլն: Իմ աշխատությամբ փորձել եմ այդ բացը լրացնել, այլ կերպ ասած՝ այն եզակի աշխատանք է, որը ներառում է ստեղծագործությունների շարք՝ հերոս կանանց մասնակցությամբ»:

Պարոն Մինասյանը վստահ է՝ գրքերը հետաքրքրելու են շատերին, քանի որ ներկայացված պատմությունները կարդացվում են մեկ շնչով, ոգևորվածությամբ:

Էդիկ Մինասյանի ստվարածավալ աշխատանքների վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, գրականագետ Վարդան Դևրիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ուրիշներ: Նրանք կարևորեցին գրքերի ծնունդն ու շնորհավորելով հեղինակին՝ ցանկացան աշխատանքային բեղուն գործունեություն:

Հ.Գ.: ՀՀ կրթության և գիտության նախարության կողմից պրոֆեսոր Էդիկ Մինասյանը պարգևատրվեց ոսկե մեդալով: