ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՆՈՐ ԳՐՔԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոկտեմբերի 10-ին «Քվանտ» վարժարանի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանի նոր գրքերի շնորհանդեսը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ և դասախոս, «Քվանտ» վարժարանի պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանը միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացրեց իր «Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ» և «Կարսի մարզի բնակչությունը (1877-1917 թթ.)» նոր գրքերը, որոնք հրատարակվել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ և ԵՊՀ հրատարակչության կողմից:

«Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ» գրքում ներկայացված են հեղինակի հրատարակած ավելի քան 40 հոդվածներից 21-ը, որոնք առնչվում են Հայաստանի պատմական ժողովրդագրությանը, արդի ժողովրդագրական գործընթացներին, Հայ սփյուռքի պատմությանը և աշխարհագրության հիմնախնդիրներին:

«Կարսի մարզի բնակչությունը» մենագրության մեջ ներկայացված են Կարսի՝ Ռուսական կայսրության կազմում գտնվելու ժամանակահատվածում (1877-1917 թթ.) բնակչության թվի և ազգային կազմի փոփոխությունները: 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ, «Քվանտ» վարժարանի ուսուցիչներ, աշակերտներ և շրջանավարտներ:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի և «Քվանտ» վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ, աշխարհ. գիտ. թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանը՝ նշելով, որ Միքայելն իր բազմաշնորհ գիտական կարողություններով աչքի է ընկել դեռևս վարժարանում ուսանելու տարիներին՝ արդեն 10-րդ դասարանում հրատարակելով «Հայերն աշխարհում» և «Օշական» աշխատությունները:

ԵՊՀ գիտական քարտուղար, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանն իր խոսքում բարձր գնահատեց Միքայել Մալխասյանին` որպես շատ երիտասարդ, սակայն կայացած գիտնական, ում աշխատանքների գիտականությունն անմիջապես նկատելի է եղել առաջին իսկ զեկուցման ժամանակ: Մենուա Սողոմոնյանը կարևորեց նաև  ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունում նախագահելու տարիներին Միքայել Մալխասյանի դերն ու կատարած հսկայական աշխատանքը ընկերության կայացման ու բարգավաճման գործընթացում: 

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Միքայել Մալխասյանի համահեղինակած «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները. մեթոդական ցուցումներ» մեթոդական ձեռնարկը: