ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԻՑ Է
ԵՊՀ հրատարակչությունն ու Բեյրութի Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Տասնամյակների պատմություն ունեցող այս երկու կառույցների միջև համագործակցությունը պաշտոնական հիմքերի վրա դրվեց ԵՊՀ պատվիրության լիբանանյան այցի շրջանակներում:

Հուշագիրը կնքվեց նոյեմբերի 5-ին «Վահէ Սէթեան» հրատարակչատանը, որի մուտքի մոտ ցուցադրված էին նաև ԵՊՀ հրատարակչության՝ Հայոց ցեղասպանության մասին վերջին հրապարակումները:

«Այս երկու կառույցներին համախմբողը միայն գիրն ու գրականությունը չեն. 85 տարի առաջ այս երկու հաստատությունների հիմնադիրներից է եղել Հայաստանի Առաջին Հանրապետության կրթության և լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանը: Եթե Հայաստան-Սփյուռք համագործակցությունն իրականացնենք մշակութային, կրթական և հրատարակչական ոլորտներում, Սփյուռքն ավելի կզորանա, Հայաստանն էլ ավելի կհարստանա»,- նշեց «Վահէ Սէթեան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանը:

Վերջինս նաև նշեց, որ թեպետ իրենք համալսարանի հետ համագործակցել սկսել են 2 տարի առաջ, բայց հաստատուն քայլերով առաջ են գնում. «Մենք հայաստանյան բազմաթիվ հրատարակչությունների հետ ենք աշխատում, համատեղ աշխատանքներ հրատարակում: Այսօր մեր գործընկեր հրատարակչություններին ավելանում է նաև ԵՊՀ հրատարակչությունը»:

Այնուհետև ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը հակիրճ ներկայացրեց համալսարանի հրատարակչական գործունեությունը՝ 1919 թ.-ից մինչև մեր օրերը:

«1920 թ.-ին համալսարանում տպագրվեց առաջին դասագիրքը, որը հոգեբանության վերաբերյալ էր: Այս տարի հրատարակչությունը նշում է 95-ամյակը, և տարիների ընթացքում աշխատանքները տարբեր ուղղություններով են ընթացել: Հրատարակվել են արժեքավոր բառարաններ, ինչպիսիք են «Հայկազեան բառարան»-ը, Մալխասյանի «Հայերենի բացատրական բառարան»-ը, Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարան»-ը, Աշոտ Սուքիասյանի «Հոմանիշների բացատրական բառարան»-ը, «Գրաբարի բառարան»-ը, «Արեւմտահայերենի բառարան»-ը և այլն: Վերջերս էլ լույս է տեսել Հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն ցեղասպանագիտության բառարանը»,- շեշտեց Կարեն Գրիգորյանը:

Նա հավելեց, որ իրենց գործունեության մեջ բավականին մեծ տեղ է զբաղեցնում նաև գեղարվեստական գրականության հրատարակումը, գրքերի թվայնացումն ու էլեկտրոնային գրքերի ստեղծումը: Նշենք, որ էլեկտրոնային գրքեր ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանք է նախատեսվում նաև «Վահէ Սէթեան» հրատարակչատան հետ: ԵՊՀ-ն սերտ կապեր ունի նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գրադարանի և հրատարակչության հետ, և առաջիկայում կերևան նաև այդ համագործակցության պտուղները:

«Փոխադարձ կապերի ամրապնդումը կողմերին թույլ կտա ծանոթանալ հայագիտության ոլորտում առկա խնդիրներին, որոնք տարեցտարի ավելանում են»,- կարևորելով հուշագրի ստորագրումը՝ նշեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը՝ առաջարկելով հետագայում անցնել նաև ոչ հայագիտական գրականության հրատարակմանը: