Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում համալսարանական զոհված ազատամարտիկների ծնողների հետ: Ողջունելով եւ շնորհավորելով բոլորին Ազգային բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ` ռեկտորն իր շնորհակալական խոսքն ուղղեց նահատակների ծնողներին:
«Բանակի կայացման գործում ձեր որդիների լուման անգնահատելի է, եւ մենք ոչ միայն քաջ գիտակցում ենք դա, այլեւ միշտ հիշում ենք նրանց, հերոսներ, որոնց մենք համարում ենք հավերժ համալսարանականներ: Շնորհավորանքներից բացի` մենք ցանկանում ենք մեր կատարած գործերով երախտագիտություն հայտնել համալսարանական ազատամարտիկների ծնողներին»,- նշեց պարոն Սիմոնյանը:
Ռեկտորը հանդես եկավ մի քանի առաջարկով` հույս հայտնելով, որ իրենց հաճախակի հանդիպումների ու համագործակցության արդյունքում դրանք կյանքի կկոչվեն: Առաջարկներից առաջինը վերաբերում էր զոհված ազատամարտիկների անուններով եւս 11 լսարանների անվանակոչմանը: Համալսարանում արդեն կան ազատամարտիկների անուններով բազմաթիվ լսարաններ, բայց այդ գործը պետք է շարունակական բնույթ կրի:
Ռեկտորի երկրորդ առաջարկը կապված էր ԵՊՀ պատմության թանգարանում ազատամարտիկներին վերաբերող ցուցադրության ընդլայնման հետ. պետք է ավելի շատ փաստաթղթեր, լուսանկարներ ու կենսագրական տվյալներ հավաքել, որպեսզի մեծ ու հարուստ ցուցադրություն լինի: Անդրադարձ եղավ նաեւ ԵՊՀ-ում հրատարակված «Երեւանի պետական համալսարանը Արցախյան գոյապայքարում» գրքին, որը, առաջին փորձը լինելով, զերծ չի թերություններից ու բացթողումներից, ուստի նախատեսվում է այն վերահրատարակել աշնանը:
Վերահրատարակությանը կարող են օգնել նաեւ ազատամարտիկների ծնողները` տրամադրելով նոր տվյալներ: Առաջարկ եղավ նաեւ ինտերնետային բլոգ ստեղծելու մասին, որտեղ յուրաքանչյուր ազատամարտիկ կունենա իր էջը: Բլոգում նախատեսվում է տեղադրել փաստաթղթեր, լուսանկարներ, կենսագրական տեղեկություններ: Պարոն Սիմոնյանը հավաստիացրեց, որ համալսարանը կօգնի նաեւ ազատամարտիկների ծնողներին առողջական խնդիրների հարցում, նրանց ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներում բուհի միջոցների հաշվին հանգստանալու հնարավորություն կտա: Այնուհետեւ ռեկտորը պատրաստակամություն հայտնեց լսելու ծնողներին, նրանց հարցերն ու խնդիրները:
Ազատամարտիկ Տիգրան Սարգսյանի հայրը` Սարգիս Սարգսյանը, իր երախտագիտությունը հայտնելով համալսարանի ղեկավարությանը եւ ուսանողությանը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբին, նշեց, որ համալսարանի հետ փոխադարձ կապն իսկապես մխիթարում եւ սփոփում է իրենց:
Հանդիպման ավարտին պարոն Սիմոնյանը ազատամարտիկների ծնողներին նվիրեց վերջերս ԵՊՀ հրատարակչությունում լույս տեսած երկու գիրք` Հովհաննես Շիրազի` մինչեւ այսօր անտիպ «Անի» պոեմը եւ «Арцах-Карабах, Библиография на русском языке 1988-2010 гг.» ռուսերեն գիրքը: