Միջոցառումը, որին ներկա էին ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ամբիոնների վարիչներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, նպատակ ուներ ներկայացնելու և արժևորելու հրատարակված գրքերը:
Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, շնորհավորելով հեղինակներին և մասնագետներին նոր գրքերի հրատարակման կապակցությամբ, փաստեց, որ գիտական այս արտադրանքները բավականին արժեքավոր են. «Իհարկե, տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մեկ տարվա ընթացքում 13 անուն գիրք է դրվել սեղանին: Այսօր դժվար է գիտությամբ զբաղվելը, բայց կարծում եմ, որ պատահական չէ մեր այստեղ լինելը, և որ մեր պարտականությունն ու իրավունքն է սերունդներին նոր արժեքներ ավանդելը»:
Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն էլ իր շնորհավորական խոսքում նշեց, որ գրքերի մի մասը գրվել է համագործակցությամբ. «Սա նշանակում է, որ ոչ միայն զուտ կոլեգիալ համագործակցություն կա, այլև սրտակցական, այսինքն՝ հեղինակների մտածողությունը, ընկալումներն ու դատողությունները իրար շատ մոտ են»:
Միջոցառման ընթացքում Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանն ասաց, որ մեկ ամբիոնի կողմից մեկ տարում 13 գրքի հրատարակումն իսկապես մեծ ու արժեքավոր աշխատանք է. «Շատ կարևոր է նաև այն, որ աշխատանքներում թեմատիկ բազմազանություն կա. հեղինակներն անդրադարձել են հայոց լեզվի զարգացման տարբեր խնդիրներին: Պետք է արձանագրել, որ այդ խնդիրները ամբիոնի անդամների կողմից արժանացել են հատուկ գիտական ուսումնասիրության»:
Տեղեկացնենք նաև, որ գրքերի մեծ մասը հրատարակվել է ԵՊՀ հրատարակչության կողմից: